
Վաղը զանգեմ Վրաստանի և ՌԴ արտգործնախարարներին, փորձեմ հարցերը տեղը գցել․ Գառնիկ Դանիելյանը՝ Արարատ Միրզոյանին
2026-ի բյուջի քննարկման ժամանակ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանn արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ են անում բեռնատարների վարորդների բարձրացրած խնդիրը լուծելու համար։
«Ռուսաստանում Միգրացիայի նոր օրենքով սահմանվել է 90-օրյա ժամկետ, ինչից հետևանքով Հայաստանի հարյուրավոր վարորդներ դեպորտացիայի են ենթարկվել, չեն կարողանում սահմանը հատել։ Հարցի վերաբերյալ դրական ազդակներ կա՞ն»,- հետաքրքրվեց Դանիելյանը։
Արտաքին գերատեսչության ղեկավարն այսպես արձագանքեց․ «Եթե կարծում եք՝ մեր գործադրված ջանքերը բավարար չեն, ապա եթե ոչ անձամբ դուք, ապա ձեր գործընկերները շատ սերտ հարաբերություններ ունեք նույն ՌԴ-ի հետ, ՌԴ խորհրդարանական գործիչների հետ, ի՞նչն է ձեզ խանգարում՝ փորձեք ինքներդ հասկանալ, թե ինչպիսի՞ն են տրամադրությունները էն կողմում․ հա՛մ մեր քաղաքացիների շահերը կհետապնդեք, հա՛մ արտաքին քաղաքական ուղղությամբ ակտիվ կլինեք, հա՛մ էլ մեզ կասեք, թե ինչ են էդ մասին էնտեղ մտածում։ Ես սա ասում եմ՝ իմանալով մեր ջանքերը, որ մենք անում ենք։ Մի քանի ամսից ընտրություն է, առաջարկեք մարդկանց, տեսնենք իրենք ինչ կպատասխանեն»։
Ընդդիմադիր պատգամավորը հեգնական ռեպլիկ արեց՝ նշելով, որ, փաստորեն, Վրաստանի և Ռուսաստանի հետ կնճռոտ հարցերով ինքը պետք է զբաղվի։ «Դե վաղվանից փորձեմ զանգել իրենց արտգործնախարարներին, տեսնեմ՝ ինչպե՞ս եմ այդ հարցերը կարգավորում»,- արձագանքեց Դանիելյանը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանում գտնվելու ժամեկտի փոփոխությունից դժգոհ բեռնատարների վարորդներն օրերս փակել էին Բագրատաշենի, Բավրայի և Գոգավանի անցակատերի ճանապարհները։ Կառավարությունը նրանց հորդորել էր բացել ճանապարհները՝ խոստանալով, որ հարցը կբարձրացնեն նաև ՌԴ պատկան օղակներում։


