
Որևէ միջադեպի մասնակից չեմ եղել, իսկ Ալեն Սիմոնյանն ու Վահագն Ալեքսանյանը ստում են․ Դավիթ Համբարձումյան
«Ալեն Սիմոնյանն ու Վահագն Ալեքսանյանը ստում են, և ուզում եմ՝ իմ հայրենակիցները իմանան՝ ես որևէ միջադեպի մասնակից չեմ եղել»․ հայտարարել է Մասիսի՝ ազատազրկման դատապարտված քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը՝ Youtube-յան «Կամեր 23» ալիքին տված հարցազրույցում անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հայտարարություններին, թե կա տեսանյութ, որտեղ ինքը ցուցարարների է ծեծում։
«Չկա որևէ ձայնագրություն կամ տեսաձայնագրություն, որտեղ ես նման գործողություն եմ արել»,-ասել է Համբարձումյանը։
Ի դեպ՝ նա այս պահին Մոսկվայում է։
Մասիսի համայնքապետը շեշտել է․ «Եթե Ալեն Սիմոնյանը երեք օրվա ընթացքում չտարածի որևէ տեսաձայնագրություն, որտեղ ես նման գործողություն եմ անում, ապա ուզում եմ, որ իմ հայրենակիցները իմանան՝ հերթական անգամ մանիպուլացնում են, և մենք գործ ունենք հստակ քաղաքական հետապնդման հետ»։
Հիշեցնենք, որ Երևանի քրեական դատարանն Դավիթ Համբարձումյանը դատապարտել է 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման։


