
ՀՀ-ում ձախողված սահմանադրական հանրաքվեն լուրջ քաղաքական հարված կլինի արդեն թուլացած Փաշինյանի համար և կխթանի ադրբեջանական իսթեբլիշմենթի ամենաագրեսիվ միտումները․ ԵԽ
Եվրոպական խորհրդարանը հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ փաստաթուղթ է հրապարակել։ Այն անդրադառնում է ԼՂ պատերազմներին, հայ-ադրբեջանական հարաբերությունների ներկայիս վիճակին, ինչպես նաև ԵՄ-ՀՀ, ԵՄ-Ադրբեջան երկկողմ հարաբերություններին։ Անդրադառնալով ՀՀ-ի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության հավանականությանը՝ փաստաթղթում նշվել է, որ վարչապետ Փաշինյանի կառավարությունն արդեն իսկ զգալի քաղաքական կապիտալ է ծախսել ԼՂ-ում պարտությունից հետո:
Ինչպես շեշտվել է, Փաշինյանի քաղաքական խոցելիությունն ընդգծվել է նրա կուսակցության՝ («Քաղաքացիական պայմանագիր») մարտ ամսվա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում գրանցած վատ արդյունքներով։ Մինչ վերջին հարցումները ցույց են տալիս կառավարության նկատմամբ հանրային աջակցության անկում, քաղաքական մրցակիցները դեռևս հետ են մնում: Ցանկացած հետագա զիջում Բաքվին, առավել ևս, եթե այն ընդունվի սահմանադրական փոփոխության տեսքով, կօգտագործվի Հայաստանի ընդդիմադիր կուսակցությունների կողմից որպես քաղաքական զենք՝ 2026 թվականի հունիսին նախատեսված խորհրդարանական ընտրություններից առաջ: Այս քարոզարշավում քաղաքական ընդդիմադիր կուսակցությունները և հայկական սփյուռքի կազմակերպությունները կարող են աջակցություն գտնել Ռուսաստանում, որը նախկինում ՀՀ-ի դաշնակիցը և անվտանգության ապահովման աղբյուրն էր: Ռուսական լրատվամիջոցների տվյալներով՝ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է իր ամենամտերիմ օգնականներից մեկին՝ Սերգեյ Կիրիենկոյին, «առաջ մղել ռուսական շահերը» Հայաստանում: Փաշինյանը շարունակում է առաջ մղել իր տեսլականը՝ «իրական Հայաստանը», ի տարբերություն այն բանի, ինչ նա անվանում է «պատմական Հայաստան»։
Այս համատեքստում՝ Փաշինյանն արդեն հայտարարել է նոր սահմանադրություն ընդունելու իր մտադրության մասին, որն այժմ գովազդվում է որպես Հայաստանի «չորրորդ հանրապետության» սկիզբ։ Այնուամենայնիվ, սահմանադրական հանրաքվեն դեռ պետք է անցկացվի, հնարավոր է՝ 2026 թվականի աշնանը կամ 2027 թվականին։ Սկզբունքորեն, նոր սահմանադրությունը պետք է հաստատվի համաժողովրդական հանրաքվեով՝ քվեարկածների մեծամասնությամբ և գրանցված ընտրողների առնվազն 25%-ով․ չափանիշ, որը դժվար կլինի իրականացնել, եթե փոփոխություններն ընկալվեն որպես Ադրբեջանի կողմից լրացուցիչ պարտադրանք։ Հաշվի առնելով, որ ընտրողների կեսից մի փոքր պակասն է մասնակցել Հայաստանի վերջին խորհրդարանական ընտրություններին, ընդդիմությունը կարող է պարզապես բոյկոտի քարոզարշավ անցկացնել, ինչը, զուգորդված ընտրողների հոգնածության հետ, կարող է բավարար լինել հանրաքվեն չեղյալ հայտարարելու համար։ Այս սցենարից խուսափելու համար ոմանք ենթադրել են, որ կառավարությունը կարող է խորհրդարանական ընտրություններ և հանրաքվե անցկացնել մեկ օրում կամ փնտրել այլընտրանքային ուղիներ։ Հայաստանում ձախողված սահմանադրական հանրաքվեն, բացի այն, որ լուրջ քաղաքական հարված կլինի արդեն թուլացած վարչապետ Փաշինյանի համար, կհանգեցնի Ադրբեջանի կողմից մեղադրանքների, որ Հայաստանը պատրաստ չէ խաղաղության, և հնարավոր է՝ խթանի ադրբեջանական իստեբլիշմենտի ամենաագրեսիվ միտումները։ Մյուս կողմից՝ անժամկետ համաձայնագրի նախագծի ստորագրումը կարող է նաև ենթադրել, որ խաղաղության համար հնարավորության պատուհանը բաց է։ Այս անհավասարակշիռ հավասարման մեջ, որտեղ Հայաստանն ավելի շատ բան ունի դրված խաղադրույքին, իսկ Ադրբեջանը բացահայտորեն հայտարարում է, որ չի շտապում խաղաղության համաձայնագիր կնքել, երրորդ կողմի դերակատարների՝ նույնիսկ սահմանափակ լծակներ ունեցողների դիրքորոշումը կարող է ազդեցիկ լինել։ «Այս համատեքստում՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ օգոստոսի 8-ի վաշինգտոնյան գագաթնաժողովի արդյունքները չափազանց նշանակալի են։ Այլ դերակատարներ՝ հիմնականում ԵՄ-ը և Թուրքիան, կարող են նույնքան կարևոր դեր խաղալ դեռևս փխրուն խաղաղության գործընթացն ամրապնդելու և զուգահեռ հարցերի (օրինակ՝ սահմանազատման և կապի) վրա աշխատելու հետագա ուղիներ գտնելու գործում՝ այդպիսով թույլ տալով երկու երկրներին սկսել խաղաղության օգուտներ քաղել նույնիսկ վերջնական տեքստի ստորագրումից առաջ», – եզրափակել են փաստաթղթի հեղինակները։


