
Վաղարշապատի Ամբերդ գյուղում պոկել են ընդդիմադիր թեկնածուների պաստառները
Վաղարշապատ համայնքի կազմի մեջ մտնող Ամբերդ գյուղում պոկել են ընդդիմադիր թեկնածուների պաստառները։ «Հայրենիք» կուսակցության քաղաքապետի թեկնածու Խաչիկ Մանուկյանն ու թիմակիցները պարզել են, որ ընդդիմադիրների պաստռաները պոկել է ոմն Հայկո։
Քարոզարշավին մասնակցող Տաթևիկ Վիրաբյանը Facebook-ի ուղիղ եթերով ցույց է տվել գյուղի կանգառասրահներից մեկը, որտեղ երևում են պոկված պաստառների հետքերը։
«Կեղտոտ գործելաոճի են անցել։ Կարծում եմ՝ սա տեղի է ունենում ոչ միայն Ամբերդում, այլև՝ մյուս համայնքներում»,- ասում է Վիրաբյանը։
Մեկ այլ տեսանյութում էլ «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը ցույց է տալիս, որ անվնաս են միայն ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի պաստառները։
«Սրա ամբողջ պատասխանատվությունն իշխանությունների վրա է։ Իրավապահներից պահանջում ենք ընթացք տալ, բացահայտել ու պատժել կատարողներին»,- ասում է Հարությունյանը։


