31 Հոկ
2025
6° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լեռ, որ չի կորչում սահմանների հետևում․ «Արարատը հայի աչքերով» ցուցահանդեսը կրկին Երևանում

Լեռ, որ չի կորչում սահմանների հետևում․ «Արարատը հայի աչքերով» ցուցահանդեսը կրկին Երևանում

«Թեքեյան կենտրոն» ցուցասրահում բացվեց լուսանկարչական ցուցահանդես, որը կրում է խորհրդանշական անվանումը՝ «Արարատը հայի աչքերով»։ Սա ոչ միայն արվեստի, այլև ինքնության, հիշողության ու համախմբման պատմություն է՝ պատմություն այն լեռան մասին, որը դարեր շարունակ դարձել է հայի հույսի, հավատքի և գոյության խորհրդանիշը։

Ցուցադրությունը Թեքեյան կենտրոնի նախաձեռնությամբ մեկնարկել է դեռևս 2016 թվականին Երևանում, ապա ներկայացվել է Արցախում՝ ՀՀ Անկախության 25-ամյակի առթիվ։ 2017 թվականից «Արարատը հայի աչքերով» ցուցադրությունը անցել է միջազգային ուղի՝ ցուցադրվելով Տոկիոյում, Պեկինում, Շանհայում, Սեուլում և Բեռլինում։ Այս տարի այն վերադարձել է իր ծննդավայր՝ Երևան, ներկայացնելով Արարատը նոր դիտանկյուններից և նոր սերնդի հայ լուսանկարիչների աչքերով։

Լուսանկարիչ Մարկ Պետրոսյանի համար կապը Արարատի հետ արտահայտվել է մի յուրահատուկ կադրում՝ արված դեռ 2015 թվականին՝ սահմանապահի խցիկից։
«Արարատից շատ լուսանկարներ ունեմ, բայց սա առանձնանում է իր խորհրդով։ Արտացոլանքում երևացող զինվորը կարծես պահպանում է մեր անդորրը։ Սկզբում չէի ուզում, որ այդ արտացոլանքը երևա, բայց հետո հասկացա՝ հենց դա է լուսանկարի գլխավոր միտքը՝ ապահովությունն Արարատի ֆոնին»,- պատմում է Պետրոսյանը։

Նրա կադրում լեռը դառնում է ոչ միայն բնապատկեր, այլ խորհրդանիշ՝ պաշտպանվածության, հայրենիքի և խաղաղության։

Լուսանկարիչ Հարություն Խաչատրյանի աշխատանքը նույնպես տարբերվում է իր զգացմունքայնությամբ։ Նրա համար Արարատը պարզապես լեռ չէ, այլ հայի ներաշխարհի, հիշողության և ինքնության խորհրդանիշ։

«Արարատը մեր հայկական լեռնաշխարհի ամենալավ լեռն է։ Նրա ստորոտում միշտ ապրել են հայեր։ Թեև հիմա այն այլ պետության տարածքում է, բայց միշտ քո առջև է՝ որպես սրբության ու մշակույթի նշան»,- ասում է Խաչատրյանը։

Նա պատմում է, որ տարիների ընթացքում շուրջ յոթ տասնյակ լուսանկար է արել Արարատից՝ տարբեր եղանակներին ու տարբեր դիտակետերից։

«Ամեն առավոտ հայացքս ուղղում եմ Արարատին։ Ամռանը նա այլ գույն ունի, ձմռանը՝ մեկ այլ։ Ես նրան փնտրում եմ բոլոր եղանակներին, բոլոր տեղերում»,- ասում է լուսանկարիչը։

Խաչատրյանը Արարատը տեսնում է ոչ միայն որպես հոգևոր, այլև առօրյա ներկայություն՝ կապված ամեն մի երևանյան պատուհանի, ծառի կամ նստարանի հետ։
«Արարատը մեր կյանքի մի մասն է, այն չի կարելի առանձնացնել։ Նա մեր կողքին է՝ մեր շնչի, մեր առօրյայի մեջ»,- ասում է նա։

Նրա ներկայացրած լուսանկարը ծնվել է պատահականության արդյունքում․
«Այդ օրը արևն անսովոր բոսոր էր։ Նմանատիպ փորձեր նախկինում էլ էի արել, բայց հենց այդ օրն էր լույսը ճիշտ պահին։ Տեսախցիկս էլ միշտ ինձ հետ է, և այս կադրը կարծես ինքն է եկել դեպի ինձ»,- պատմում է նա։

Խաչատրյանի աշխատանքը ընդգրկվել է նաև միջազգային ցուցադրության ընտրված 100 լավագույն լուսանկարների շարքում։
«Ես շատ եմ նկարել այդ օրը, բայց ոչ մի այլ կադրում կամարի բոլոր հայատառ գրությունները չէին երևում։ Այդ օրն ստացվեց ամեն ինչ միաժամանակ՝ լույսը, պահը»,- հավելում է լուսանկարիչը։

«Արարատը հայի աչքերով» ցուցահանդեսը միավորում է սերունդներ, աշխարհամասեր ու հայացքներ։ Յուրաքանչյուր լուսանկար պատմում է մի ներքին զգացում՝ կարոտ, հպարտություն, սեր։ Բայց բոլորին միավորում է մեկ բան՝ հավատը, որ Արարատը, անկախ սահմաններից ու ժամանակներից, միշտ հայի աչքերի և սրտի մեջ է։

Ռազմագերիներ