
Պետք է խնդրենք ձեր դեսպաններին Բաքվում այցելել հայ գերիներին․ Հայկ Մամիջանյանը՝ եվրոպացի պատգամավորներին
2020 թ-ի 44-օրյա պատերազմից և 2023-ի էթնիկ զտումից հետո պաշտոնական տվյալներով Ադրբեջանում կա 23 հայ գերի, բայց, ասում են, Բաքվում պահվող մեր հայրենակիցների թիվն անցում է 8 տասնյակը։ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստում ելույթի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։
Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ ըստ զեկույցների՝ հայերին պահում են շատ վատ պայմաններում, գործադրում՝ տարատեսակ ճնշումներ։
«Բաքվի բանտերում պահվող հայերին վերջինն այցելել են Կարմիր խաչի ներկայացուցիչները՝ հունիսին։ Բայց այդ կազմակերպությունն Ադրբեջանում կասեցրել էր գործունեությունը՝ Բաքվի պահանջով, և հիմա ոչ մի կազմակերպություն կամ կառույց իրավասու չէ այցելել հայ ռազմագերներին »,- շեշտեց Վարդանյանը։
Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ու բանտարկյալների, ինչպես նաև՝ Բաքվում Կարմիր խաչի գործունեության կասեցման թեմային անդրադարձավ նաև «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ Նա, դիմելով եվրոպացի գործընկերներին, ասաց․ «Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակը Բաքվում փակվել է, բայց դուք հիմա գաղափար անգամ չունենք, թե հայ գերիներն ինչպես են․․․
Մեր հայրենակից ոմանք հացադուլ էին անում, գաղափար անգամ չունենք՝ դա վերջացե՞լ է, շարունակվո՞ւմ է։
Իհարկե, շնորհակալ ենք Եվրոպայի խորհրդարանին, գործընկերներին, ովքեր այս հարցերով ակտիվ են, բանաձևեր են մշակում, շնորհակալ ենք զեկույցների համար, բայց հարկավոր է գործողություն, մարդասիրական գործողություն հենց հիմա, այս պահին, մենք պետք է խնդրենք ձեր դեսպաններին Բաքվում այցլելել մեր հայրենակիցներին, իմանալ՝ ինչպե՞ս են նրանք»։


