
Հիմնել քրեական տրիբունալ Ադրբեջանի ղեկավարության նկատմամբ, ճանաչել Արցախի անկախությունը․ ԱՀ ԱԺ նախագահի կոչը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը
միջազգային հանրության և միջկառավարական ինստիտուտների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի
կողմից մարդու նկատմամբ աննախադեպ բռնության, մարդկության դեմ զանգվածային հանցագործության
փաստերի վրա:
«Կոչ ենք անում պատասխանատու և միջազգային միջկառավարական ինստիտուտներին գործարկել
Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը՝ որպես ցեղասպանության և հայրենիքից
մեր ժողովրդի բռնի տեղահանման կանխարգելման ամենագործուն ուղին»,-ասված է Թովմասյանի
տարածած հայտարարության մեջ:
Արցախի ԱԺ նախագահը կոչ է արել հիմնել հատուկ քրեական տրիբունալ Ադրբեջանի ղեկավարության
նկատմամբ՝ Արցախի Հանրապետության տարածքում ժամանակակից համակենտրոնացման ճամբար ստեղծելու
հանցագործության համար, որը պարբերաբար ոչնչացնում է Լեռնային Ղարաբաղի բնիկ ժողովուրդ
հանդիսացող բնակչությանը:
Նա լիահույս է, որ Արցախի ժողովրդի կողմից ընտրված Գերագույն մարմնի ուղերձն անարձագանք
չի մնա, իսկ նշված խնդիրներից խուսափելու միակ միջոցը Արցախի Հանրապետության անկախության
ճանաչումն է՝ «ճանաչում հանուն փրկության» սկզբունքի հիման վրա: