
Վանաձորում «Թումո» կենտրոն կկառուցվի. Կառավարությունը տարածք նվիրաբերեց
Վանաձորի Թատերական փողոցի 1/1 սպայի տուն հասցեում գտնվող 2214․05 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենք-շինությունները, ինչպես նաև դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասը Կառավարությունը նվիրաբերեց «Սիմոնյան կրթական հիմնադրամին»՝ «Թումո ստեղծարար տեխնոլոգիական կենտրոն» հիմնելու նպատակով։
Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ նիստին ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:
«Հիմնադրամը պատրաստվում է առաջիկա 3 տարիներին 1 մլրդ 800 մլն դրամի ներդրում իրականացնել այս տարածքում»,- ասաց նախարարը:
ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը նշեց, որ այս պահին ՀՀ տարածքում կա 6 կենտրոն, Վանաձորինը 7-րդն է։
«Այս պահին «Թումո» կենտրոններ են գործում նաև Ալբանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Պորտուգալիայում, Նիդեռլանդներում, Արգենտինայում և ԱՄՆ-ում, և պլանների մեջ է, որ առաջիկայում բացվեն նաև այլ երկրներում»,- ասաց Արթուր Մարտիրոսյանը։


