
«Բուրեվեստնիկ»-ի փորձարկումը միջուկային չէ․Պեսկովը պատասխանել է Թրամփին
«Բուրեվեստնիկ» միջմայրցամաքային թևավոր հրթիռի փորձարկումը ոչ մի կերպ միջուկային չէ․ինչպես հայտնում է РИА Новости-ն, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նախագահ Թրամփն իր հայտարարության մեջ նշել է, որ այլ երկրներ, ենթադրաբար, փորձարկում են միջուկային զենք։ Մինչ օրս մենք չգիտեինք, որ որևէ մեկը փորձարկում է կատարել»,- ասել է նա։
«Եթե սա որևէ կերպ վերաբերում է «Բուրեվեստնիկ»-ի փորձարկմանը, ապա սա ոչ մի կերպ միջուկային փորձարկում չէ», – լրագրողներին ասել է Պեսկովը։
Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, ԱՄՆ նախագահ Թրամփը կարգադրել է վերսկսել միջուկային փորձարկումներն ԱՄՆ-ում։ Նա ասել էր, որ ԱՄՆ-ի կողմից միջուկային փորձարկումների վերսկսումը 30-ամյա մորատորիումից հետո տեղին է` հաշվի առնելով, որ նման փորձարկումներ են անցկացնում այլ երկրներ։


