
125 000-ից՝ 7500․ Թրամփը միգրանտների ընդունման թիվը պատմական մինիմումի է հասցրել
Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարել է փախստականների քվոտայի կտրուկ կրճատման մասին. Միացյալ Նահանգներն այժմ տարեկան կընդունի ոչ ավելի, քան 7500 մարդու․ գրում է Reuters-ը:
Սա ԱՄՆ վերաբնակեցման ծրագրի պատմության մեջ ամենացածր ցուցանիշն է, քանի որ նախորդ սահմանաչափը 125,000 էր: Նոր կանոններն ուժի մեջ են մտել հոկտեմբերի 1-ից:
Սպիտակ տան համաձայն՝ հատուկ ուշադրություն կդարձվի «անօրինական կամ անարդար խտրականության զոհերին», մասնավորապես՝ Հարավային Աֆրիկայի սպիտակամորթ բնակիչներին: Թրամփը նախկինում մեղադրել էր Հարավաֆրիկյան Հանրապետության կառավարությանը «սպիտակների ցեղասպանության» համար:
Միևնույն ժամանակ, Սպիտակ տունը կարգադրել է չեղարկել Աֆղանստանի, Հայիթիի, Վենեսուելայի և մի շարք այլ երկրների այն քաղաքացիների ժամանակավոր պաշտպանության կարգավիճակը, որոնք նախկինում ստացել էին ժամանակավոր բնակության և աշխատանքի իրավունք Միացյալ Նահանգներում:
Նախկինում հաղորդվել էր, որ ԱՄՆ վարչակազմը գործարկել է միգրանտների «ինքնաարտաքսման» հավելված:
Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփն ԱՄՆ նախագահի պաշտոնում իր առաջին օրը ստորագրել էր գործադիր հրամանագիր, որով վերանայվում է երկրում ծնված երեխաներին քաղաքացիություն տրամադրելու գործընթացը։


