
Սամվել Կարապետյանը կալանավորված է ավելի քան 130 օր, բայց 53 քննիչ նախաքննությունը դեռ չեն ավարտել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում կալանքների համատարած կիրառումն այլևս հայտնի է բոլորին․ Facebook-ի իր էջում գրում է փաստաբան Արամ Վարդաևանյանը։
«Անձնական ազատության իրավունքը սահմանադրական երաշխիք է և պահանջում է իրավապահներից հարգել ազատության կանխավարկածը: Հանրային հնչեղություն ունեցող բազմաթիվ գործերով արձանագրվում է այդ պահանջի ուղիղ անտեսումը և տևական խախտումը: Համատարած խնդիր է կիրառված կալանքների պահպանումը ստանդարտ, ձևական հիմնավորումներով իբրև՝ կատարվում է նախաքննություն, կամ դեռևս դատավարական գործողություններ պետք է կատարվեն: Որքանով է առհասարակ ողջամիտ նման «իրավական» պնդում կատարելը, երբ, օրինակ, Սամվել Կարապետյանի գործով ներգրավված է 53 քննիչ: Այսինքն, 130 օրից ավելի է՝ ապօրինի կալանավորված է Սամվել Կարապետյանը, բայց 53 քննիչ դեռևս չեն կարողանում ավարտել նախաքննությունը, չեն կարողանում նվազագույն ջանասիրություն ապահովել, բայց պահանջում են, որ կալանքը պահպանվի:
Կալանքների անհիմն պահպանումը համարժեք է արդարադատության մերժմանը, համարժեք է արդարության մերժմանը, համարժեք է մարդասիրության մերժմանը:
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»,- նշել է փաստաբանը։


