
Լուվրից գողացված զարդերը փորձել են վաճառել իսրայելական ընկերության․ Bild
Հոկտեմբերին Լուվրի թանգարան ներխուժած և արժեքավոր զարդեր գողացած անձինք փորձել են զարդերը վաճառել դարքնեթի՝ գաղտնի ցանցի միջոցով․ գրում է գերմանական Bild թերթը՝ իսրայելական CGI Group անվտանգության ընկերության ղեկավար Ցվիկա Նավեին հղումով։
Նավեի խոսքով՝ կողոպուտից հինգ օր անց իր ղեկավարած CGI Group անվտանգության ընկերության հետ կապ է հաստատել գողերի ներկայացուցիչը։
«Նա հարցրեց, թե արդյո՞ք մենք կբանակցենք գաղտնի ցանցի միջոցով գողացված արվեստի գործերի գնման շուրջ, և նշեց, որ մենք 24 ժամ ունենք պատասխանելու համար», – Նավեի խոսքերն է մեջբերում Bild-ը։
Նավեի խոսքով՝ իրենց թիմն անմիջապես տեղեկացրել է Փարիզի համապատասխան մարմիններին գործարքի փորձի մասին։ Սակայն, ըստ նրա, «բյուրոկրատական խոչընդոտները խանգարել են արվեստի գործերի առնվազն մի մասի վերադարձման հնարավորությանը»։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ արդեն յոթ մարդ է ձերբակալվել կողոպուտի գործով։ Թանգարանից գողացել են կայսերական հավաքածուից զարդեր՝ ընդհանուր 88 մլն եվրո արժողության։


