
Կառավարությունը նախատեսում է Շիրակի մարզում փակել ավելի քան 40 դպրոց․ Մհեր Մելքոնյան
Փաշինյանական իշխանությունը 2021 թվականին մեծ շուքով հայտարարեց, թե մինչև 2026 թվականը Հայաստանում կառուցվելու կամ վերանորոգվելու է 300 դպրոց և 500 մանկապարտեզ. Facebook-ի իր էջում գրում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը։
«Այդ հայտարարությունը ներկայացվում էր որպես կրթական հեղափոխության սկիզբ: Սակայն այսօր՝ 2025 թվականի վերջին, փաստերն ավելի խոսուն են, քան ամեն խոստում։
Խոստացված կրթական հեղափոխությունը վերածվել է չիրականացված ծրագրերի և հերթական թվերի մանիպուլյացիաների։ Խոսքերը շատ են եղել, արդյունքը՝ չնչին։ Միայն Շիրակի մարզում, որտեղ իշխանությունը խոստացել էր կառուցել կամ վերանորոգել 58 դպրոց և 56 մանկապարտեզ, 2025 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ շահագործման է հանձնվել ընդամենը 8 դպրոց և 29 մանկապարտեզ։ Սա է նրանց խոստացած առաջընթացը։
Այս թվերն ինքնին դատավճիռ են։ Դատավճիռ՝ անպատասխանատվության, անգործության և պետական մտածողության բացակայության։ Դե խոսք տալու մեջ այս իշխանությանը հավասարը չկա․ խոստումներ՝ անսահման, պատասխանատվություն՝ զրոյական։ Պարոնայք քպ-ականներ, կրթական համակարգը փլուզվում է ոչ թե ժամանակի կամ միջոցների պակասից, այլ՝ իշխանության կամքի և խղճի բացակայությունից: Այսօր, երբ մեր կրթական համակարգը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ, գործող իշխանությունը շարունակում է զբաղվել կեղծիքով և ինքնագովազդով։
Նրանք խոսում են կառուցելու մասին, բայց իրականում փակում են ապագան։ Այդ մասին է վկայում մեկ այլ ծրագիր, որով կառավարությունը նախատեսում է Շիրակի մարզում փակել 40-ից ավելի դպրոցներ: Այսինքն՝ խոստացված «կառուցման և զարգացման» փոխարեն մենք ստանում ենք փակվող կրթօջախներ: Այս իշխանությունը ոչ թե կառուցում է Հայաստանի ապագան, այլ հերթական անգամ փակում դրա դռները»,- նշում է պատգամավորը։


