06 Նոյ
2025
7° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայկական մշակութային ժառանգությունն աշխարհի բոլոր անկյուններում է․ ԱԳ փոխնախարարի ելույթը՝ ՅՈւՆԵՍԿՕ-ում

Հայկական մշակութային ժառանգությունն աշխարհի բոլոր անկյուններում է․ ԱԳ փոխնախարարի ելույթը՝ ՅՈւՆԵՍԿՕ-ում

Հայերի համար մշակույթը միշտ եղել է ինքնությունը սահմանող և դիմադրողականությունը ձևավորող ուժի աղբյուր: Մեր պատմության ընթացքում մենք և՛ մեր ավանդն ենք ունեցել համաշխարհային մշակույթում, և՛ սովորել ենք դրանից։ Այս մասին Սամարղանդում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի 43-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքականության քննարկմանն ունեցած ելույթում ասել է  ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը։

«Հայկական մշակութային ժառանգությունը կարելի է տեսնել ոչ միայն Հայաստանում և հարևան երկրներում, այլև աշխարհի գրեթե բոլոր անկյուններում: Հայկական մշակութային ներկայությունը տեսանելի է եկեղեցիներում, սրբավայրերում և այլ հուշարձաններում՝ Սինգապուրից, Դակկայից և Կալկաթայից մինչև Սպահան, Երուսաղեմ, Վենետիկ, Փարիզ և, իհարկե, Սամարղանդ՝ արտացոլելով Հայաստանի միջմշակութային երկխոսության երկարատև ավանդույթները:

Հայաստանը վերահաստատում է իր աներկբա աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ ամբողջ աշխարհում, այդ թվում՝ զինված հակամարտություններից և բնական աղետներից տուժած տարածաշրջաններում, մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված գործողություններին։

Մենք հպարտ ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Վերակենդանացրեք Մոսուլի ոգին» նախաձեռնության միջոցով Իրաքի վավերագրական ժառանգության վերականգնման գործում ունեցած մեր ավանդի համար և պատրաստ ենք մեր փորձով կիսվել այլուր։ Հայաստանը նաև իր ներդրումն է ունեցել «Կապույտ վահան» միջազգային կազմակերպության շրջանակներում՝ Լիբանանում իրականացվող նախագծերին աջակցելու նպատակով։ Մենք համագործակցում ենք Պաղեստինի Պետության հետ՝ Երևանում՝ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում, պաղեստինյան վտանգված մշակութային ժառանգության համար ժամանակավոր ապաստան տրամադրելու նպատակով։

Հաջորդ տարվա հոկտեմբերին Հայաստանը կհյուրընկալի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը: Հաշվի առնելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի կարևոր դերը կենսաբազմազանության պահպանման գործում՝ իր կրթական և հետազոտական ծրագրերի, բնական Համաշխարհային ժառանգության վայրերի ցանցերի, կենսոլորտային պահպանավայրերի և գլոբալ գեոպարկերի միջոցով, մենք ուրախ կլինենք COP17-ին նախապատրաստական գործընթացում համագործակցել Կազմակերպության հետ»,- ասել է Աբիսողոմոնյանը։

 

Ռազմագերիներ