
Մեր խնդիրը ոչ թե պետությանը քաղաքացուց պաշտպանելն է, այլ՝ քաղաքացուն պաշտպանելը պետության միջոցով․ ՆԳ նախարար
Այսօր՝ նոյեմբերի 1-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ու այլ պաշտոնյաներ մասնակցել են Ոստիկանության գվարդիայի բացման արարողությանը․ տեղեկացնում է ՆԳՆ լրատվական ծառայությունը։
Նախարարը շեշտել է, որ գվարդիայի ստեղծումը պարզապես կառուցվածքային փոփոխություն չէ, այլ վստահության նոր համակարգ, որի կենտրոնում մարդն է՝ թե՛ քաղաքացին, թե՛ ծառայողը։ Նրա խոսքով՝ տարիներ շարունակ հասարակական կարգ ապահովող ստորաբաժանումները տարբեր ընկալումներ են ձևավորել, իսկ Գվարդիայի ձևավորմամբ կարևոր է Կառավարության առաջ քաշած խորքային ուղերձը՝ պետության և քաղաքացու հարաբերությունների նոր տրամաբանությամբ։
«Մեր խնդիրը պետությանը քաղաքացուց պաշտպանելը չէ, մեր խնդիրը քաղաքացուն պետությունից պաշտպանելն էլ չէ, մեր իրական խնդիրը քաղաքացուն պաշտպանելն է պետության միջոցով»,- նշել է նախարար Սարգսյանը։


