06 Նոյ
2025
13° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Զգալով միասնականության ուժը. «Կարինը» նորից պարեց (լուսանկարներ)

Զգալով միասնականության ուժը. «Կարինը» նորից պարեց (լուսանկարներ)

«Կարին» ավանդական երգի-պարի խումբը տարիներ շարունակ կազմակերպում է ամենամսյա բաց դասեր՝ «Մեր պարերը և մենք» խորագրով, որոնք տեղի են ունենում յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթ օրը և հնարավորություն են տալիս հայկական ավանդական պարերը սովորել Երևանի սրտում։

«Կարին» խմբի անդամ Հրայր Փարսադանյանը պարով սկսել է զբաղվել 6 տարեկանից, ոչ պրոֆեսիոնալ ժողովրդական խմբում։ Ինչպես ինքն է պատմում, մի պահ մտածել է պրոֆեսիոնալ պարող դառնալու մասին, բայց հետո փոխել է որոշումը և ցանկացել դառնալ ճարտարապետ։ «Դպրոցում, սակայն, ինձ միշտ ասում էին՝ դու պարող պետք է դառնաս»,- հիշում է նա։

«Կարին» խմբի հիմնադիր Գագիկ Գինոսյանի հետ ծանոթացել էր 2014-ին և սկսել է պարել «Ծովակ» մանկապատանեկան խմբում, այնուհետև հենց «Կարին» համույթում, որի անբաժան մասնիկն է մինչև օրս։

Հրայրը կարևորում է ազգային պարի դերը հայ ժողովրդի ինքնության պահպանման գործում՝ հիշեցնելով Կոմիտասի խոսքերն այն մասին, որ ազգերը ապրում և ապրելու են իրենց մշակույթով։ Նրա համոզմամբ՝ ինչպես մարդուն ճանաչում ես իր հոգով և բնավորությամբ, այնպես էլ ազգերին կարելի է ճանաչել մշակույթի միջոցով։ «Մենք աշխարհի ամենաերջանիկ ազգերից ենք, որովհետև մեր մշակույթը պահպանվել և հասել է մեզ։ Դրա շնորհիվ ենք կարողանում ցույց տալ մեր հայ լինելը»,- ընդգծում է նա։

Պարողի կարծիքով՝ հատկապես պատերազմից հետո ազգային արժեքները հաճախ արժեզրկում են, և հիմա էլ ավելի կարևոր է ճանաչել մեր մշակույթը։ «Ազգային պարով մենք ոչ միայն հույզեր ենք արտահայտում, այլ պարը միջոց է հայ մնալու, միջոց վերադաստիարակվելու, որի խնդիրը մեր ժողովուրդը շատ ունի։ Եվ ազգային պարի շնորհիվ մենք պետք է այնպիսի մարդ դառնանք, որ Արարատն էլ միշտ մեր սրտերում լինի։ Այդ ժամանակ մեզ չի անհանգստացնի որևէ թղթի վրայից Արարատը հանելը»,- ասում է Հրայրը։

Անի Գինոսյանն էլ կարևորում է ավանդական մշակույթի դերը. «Այն է մեզ մոտեցնում մեր արմատներին ու ինքնությանը։ Այսօր, երբ տարբեր հոսանքներ են ազդում մեր վրա, շատ կարևոր է, որ հայ մարդը տիրապետի իր արմատներին, որպեսզի կարողանանք երկու ոտքով ամուր կանգնել գետնին»։

Նրա խոսքով՝ հետաքրքրությունը դեպի ազգային պար օրեցօր աճում է. «Երևանում ամենամսյա միջոցառումները կազմակերպում ենք յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթ օրը, և հատկապես  Ազատության հրապարակում անցկացված հանդիպումներին երբեմն մասնակցում են մինչև 3000 մարդ։ Ամեն դեպքում ես կարծում եմ, որ դա ամբողջական թիվը չէ։ Բարեբախտաբար այս շարժումն այսօր աստիճանաբար տարածվում է նաև Հայաստանի տարբեր համայնքներում ու սփյուռքում։ Թեպետ տեղաշարժերը փոքր են, բայց դրանք ևս կարևոր են»,-ասում էլ նախաձեռնության հեղինակի դուստրը։

Գագիկ Գինոսյանի շնորհիվ արդեն 2 տասնամյակ յուրաքանչյուր ամսվա վերջում Կասկադում անցկացվում են ազգային պարերի բաց դասեր, ինչը մեծապես նպաստել է մշակույթի տարածմանը։ «Գինոսյանի և իր ստեղծած խմբերի նպատակը ոչ միայն բեմում ազգային պարը պահելն էր, այլ այն կենցաղ դարձնելը, որպեսզի մենք պարենք մեր տներում, դպրոցներում, հարսանիքների և ծնունդների ժամանակ։ Եթե ամեն ընտանիքում երկու-երեք հոգի երգեն ու պարեն, մենք կլինենք աշխարհի ամենահզոր ու միասնական ազգը»,- ասում է Հրայրը։

Նա մեջբերում է նաև Գարեգին Նժդեհի խոսքերը. «Մեռիր այնպես, որ մահդ էլ ծառայի հայրենիքիդ»։ Իր համոզմամբ՝ այդ խոսքերը լիովին բնութագրում են Գագիկ Գինոսյանին. «Իր մահմամբ էլ նա ծառայեց իր գործին։ Հազարավոր մարդիկ սկսեցին սովորել պարել, և վերջին ամիսներին ավելի մեծ թափով է աճում հետաքրքրությունը ազգային արժեքների նկատմամբ»։

Փարսադանյանն ընդգծում է, որ Գինոսյանի բացակայությունը մեծ կորուստ է ոչ միայն «Կարին» կամ այլ խմբերի, այլև ողջ հայ ժողովուրդի համար։ «Գինոսյանն այն մարդն էր, ով գաղափարներով էր խոսում։ Այսօր մեզ պակասում են գաղափարատեր մտավորականներ, ովքեր կուղորդեն ճիշտ ճանապարհով։ Հիշում եմ մեր առաջին փորձը նրա մահվանից հետո. զուռնայի և կոպալի երաժշտության ներքո բոլորը լացում էին։ Այդ պահին ես հասկացա, որ այդպես օծվում էին Գինոսյանի հավերժ զինվորները»,- պատմում է նա։

Անին նշում է, որ հաճախ, երբ ինքը չի պարում և պարզապես կողքից է հետևում փորձերին, առավել հզոր է զգում միասնականության ուժը․ «Տեսնում եմ հսկայական թվով մարդկանց միասնական շարժումները, և դա այնքան ոգևորիչ է, որ կարծես շունչդ կտրվում է։ Այդ զգացողությունը համընդհանուր է․ պարաշրջանի մեջ կանգնած մարդն իր ուրախությունն է ապրում, իսկ դրսից նայողը՝ միասնության շունչը։ Սա վառ ապացույց է, որ անկախ առօրյայի, կենցաղի, քաղաքական կամ կրոնական հայացքների տարբերություններից, մենք կարողանում ենք կանգնել նույն պարաշրջանի մեջ, իրար ձեռք ձեռքի տալ ու մեկ ամբողջություն դառնալ»։

Գագիկ Գինոսյանը միշտ  մնալու է իր տեղում, իսկ իրեն հաջորդողը «Կարին» խումբն է։ «Մենք պետք է այնքան նվիրված լինենք, որ ոչ ոք չկարողանա նորից մեր դիմաց երկաթե պատեր դնել, ինչը Գինոսյանին հաջողվել էր ջարդել։ Մեր նպատակը մեկն է՝ տեսնել, թե ինչպես է ամբողջ Հայաստանը պարում»,- եզրափակում է Հրայր Փարսադանյանը։

Հասմիկ Պողոսյան

 

Ռազմագերիներ