
Ծոփքից հայտնաբերված արամեատառ արձանագրությունը կարևոր նշանակություն ունի Հին Հայաստանի մի շարք հարցերի ուսումնասիրության համար. Միքայել Բադալյան
Ուրարտագետ Միքայել Բադալյանը Facebook-ի իր էջում գրում է, որ դեռևս 2017-ին պատմական Հայաստանի Ծոփք նահանգի տարածքից հայտնաբերված երկկողմանի արամեատառ արձանագրությունը չափազանց կարևոր նշանակություն ունի Հին Հայաստանի մի շարք կարևոր հարցերի ուսումնասիրության համար։
«2017-ին թուրք հետազոտողները պատմական Հայաստանի Ծոփք նահանգի տարածքից հայտնաբերել էին երկկողմանի արամեատառ արձանագրություն: Այն գտնվել է Ռաբաթ ամրոցի տարածքից: Հետաքրքիր է, որ այդ ամրոցում առկա են մի շարք ժայռափոր դամբարաններ, ժայռափոր թունել, որոնք, ըստ երևույթին, թվագրվում են անտիկ ժամանակաշրջանով:
Համաձայն թուրք հետազոտողների թարգմանության՝ արձանագրության մի կողմում հիշատակվում է «Միթրա» անձնաունը: Այդ անվան երկրորդ հատվածը հստակ չէ:
Իսկ արձանագրության հակառակ կողմում հաղորդվում է «Երվանդի տան», ինչպես նաև՝ «Արզախա» անձնանվան մասին, ում հայրը հիշատակված է «GLWN» ձևով:
Այս արձանագրությունը չափազանց կարևոր նշանակություն ունի Հին Հայաստանի մի շարք կարևոր հարցերի ուսումնասիրության համար: Սկզբնամասում «Միթրա» ձևով հիշատակված դիցակիր անվան փաստը հուշում է, որ Ծոփքի տարածաշրջանում ևս կարող էր տարածված լինել «Միթրա-Միհրի» պաշտամունքը: Այս առումով, օրինակ, հետաքրքիր է Վանա լճի շրջանից գտնված և այժմ անգլիական մի մասնավոր հավաքածուում պահվող դրամի արամեատառ գրությունը, որն առաջարկվել է ընթերցել որպես «Միհրդատ՝ արքա Տոսպի»: Այս փաստերը վկայում են Հին Հայաստանում Միհրի պաշտամունքի կարևորության մասին»,- մանրամասնում է պատմաբանը։


