
Բելգիան կարող է առանց կառավարության մնալ
Բելգիայի վարչապետ Բարտ դը Վևերն այս հինգշաբթի կարող է իր հրաժարականը ներկայացնել թագավոր Ֆիլիպին՝ թագավորության 2026 թվականի 10 միլիարդ եվրոյի դաշնային բյուջեի շուրջ համաձայնության չգալու պատճառով, որը ներառում է նաև Կիևին 1 միլիարդ եվրոյի աջակցություն․ գրում է Echo-ն։
Հասանելի տեղեկությունների համաձայն՝ բյուջեի շուրջ իշխող քաղաքական ուժերի միջև համաձայնության բացակայության պատճառով, դը Վևերը մտադիր է թագավորին զեկույց ներկայացնել նոյեմբերի 6-ին, որից հետո կարող է հետևել նրա հրաժարականը։
Սակայն մինչ այդ, այսօր բյուջեի հաստատումն ապահովելու ևս մի փորձ կիրականացվի։
«Դաշնային կառավարությունը երկուշաբթի կեսօրին կհավաքվի սահմանափակ կազմով՝ բյուջեի շուրջ աշխատանքը վերսկսելու համար։ Վարչապետ Բարտ դե Վևերը, ինչպես սպասվում է, նոր առաջարկ կներկայացնի իր տեղակալներին՝ անցյալ շաբաթ նրանց հետ անհատական հանդիպումներից հետո», – նշում է լրատվամիջոցը։
Դաշնային կառավարությունը պետք է համաձայնության գա հաջորդ տարվա տասը միլիարդ եվրոյի բյուջեի շուրջ, սակայն մինչ օրս չի կարողացել համաձայնության գալ ֆինանսավորման աղբյուրների շուրջ։ Դե Վևերը պնդում է ԱԱՀ-ի ավելացման, առողջապահության և սոցիալական ապահովագրության ծախսերի կրճատման և, մասնավորապես, գործազրկության նպաստների զգալի կրճատման հարցում։
Միևնույն ժամանակ, կառավարական մյուս կուսակցությունները, օրինակ, առաջարկում են ավելի բարձր հարկեր հարուստների համար։


