
Ընտանեկան բռնությունը նախորդ տարվա համեմատ աճել է․ նախարար
Ընտանեկան բռնությունը նախորդ տարվա համեմատ աճել է․ այս մասին ԱԺ–ում ասել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
«Ընտանեկան բռնության դեպքերի վերաբերյալ 9 ամսվա կտրվածքով արձանագրվել է 2117 հաղորդում, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1675 հաղորդումների համեմատ զգալի աճ է ցուցաբերում»,-ասել է նախարարը։
Արփինե Սարգսյանի խոսքով՝ ընտանեկան բռնության կանխարգելման ուղղությամբ նույնպես արձանագրվել է աճ։
«499 դեպքով կայացվել է նախազգուշացում, իսկ 1405 դեպքով՝ իրականացվել են անհետաձգելի միջոցառումներ բռնարարների նկատմամբ։ Բացի այդ, կազմվել է 1619 հաշվառման քարտ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմել է 1128»,- նշել է նախարարը։
Նա նաև ընդգծել է, որ աճ է գրանցվել կիբեռհանցավորության ոլորտում․ «Եթե մեր քաղաքացիները պատրաստ են 5000 դրամի դիմաց վաճառել իրենց WhatsApp հավելվածը, ապա այստեղ առաջնային է իրազեկման գործընթացը։ Գործարկվել է կիբեռոստիկանության պաշտոնական էջ, որտեղ պարբերաբար հրապարակվում են իրազեկման տարբեր նյութեր, որպեսզի մեր քաղաքացիները կարողանան ավելի արդյունավետ արձագանքել առկա մարտահրավերներին և հասկանալ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն»,- ասել է Արփինե Սարգսյանը։


