05 Նոյ
2025
15° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Աբովյանի նախկին քաղաքապետը մեղադրվում է 65 հողատարածք ապօրինի օտարելու և փողերի լվացման համար

Աբովյանի նախկին քաղաքապետը մեղադրվում է 65 հողատարածք ապօրինի օտարելու և փողերի լվացման համար

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով կատարված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ 2008-2015 թվականների ընթացքում Աբովյան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Կ. Գ.-ն պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և համայնքի վարչական սահմաններում գտնվող բնակավայրերի ընդհանուր օգտագործման 65 հողատարածքները, այդ թվում՝ հրապարակները, ճանապարհները, զբոսայգիները, պուրակներն ու գործառնական նշանակություններով տարածքները, ուղղակի վաճառքով կամ կեղծ աճուրդներով օտարել տարբեր ֆիզիկական անձանց, ինչի հետևանքով քաղաքացիները զրկվել են համայնքապատկան հողատարածքներից օգտվելու հնարավորությունից: Այս մասին հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

«Նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ հիշյալ հողատարածքները օտարելու ընթացքում Կ. Գ.-ն մի շարք դեպքերում չարամտորեն խախտել է հրապարակային սակարկությունների անցկացման կարգը, ինպես նաև Աբովյանի քաղաքապետարանի պաշտոնատար անձի հետ համատեղ կատարել պաշտոնեական կեղծիքներ, մասնավորապես՝ ստորագրել և հաստատել է հողատարածքները աճուրդ վաճառքով օտարելու վերաբերյալ կազմված բազմաթիվ կեղծ արձանագրություններ: Բացի այդ, իր հետ փոխկապակցված անձանց հետ նախնական համաձայնությամբ, Կ. Գ.-ն օրինականացրել է հանցավոր գործունեության հետևանքով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքերը (հողատարածքներ)՝ ձևական գործարքների կնքմամբ դրանց նկատմամբ փաստացի ձեռք բերելով սեփականության իրավունք։

Վերը նշված հանցանքների կատարման համար Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կ. Գ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի մի քանի հոդվածով։ Վերջինս ընդունել է իրեն ներկայացված մեղադրանքն ու ամբողջությամբ վերականգնել համայնքին պատճառված 261 մլն ՀՀ դրամի վնասը։

Կ.Գ.-ի նկատմամբ որպես համակցված այլընտրանքային խափանման միջոցներ են կիրառվել 40 մլն ՀՀ դրամի գրավն ու ՀՀ-ից բացակայելու արգելքը։

Կ. Գ.-ի ու ևս 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- նշված է հաղորդագրությունում։

 

Ռազմագերիներ