
Անհայտ ծագման բլոգերը զրպարտել է բարեգործական հիմնադրամներին․ գործը հասել է Դատախազություն
Բարեգործական հիմնադրամները հայտնվել են անհայտ ծագմամբ բլոգերի թիրախում։ Ոմն Նատալի Ալեքսանյանն իր հերթական ֆեյսբուքյան գրառման մեջ անվանական մեղադրում է մի քանի կազմակերպությունների՝ գումար գրպանելու համար, քաղցկեղով հիվանդ երեխաների համար կատարվող դրամահավաքը համարում «շահավետ բիզնես», իսկ արցախցիներին՝ այդ բիզնեսը հիմնողներ։
Գրառման հեղինակը վստահեցրել է, թե գրեթե բոլոր այդ հիմնադրամները գործարարների հետ միասին զբաղվում են փողերի լվացմամբ և օգնում խոշոր ձեռնարկատերերին խուսափել հարկերից։ «Վերջերս ուսումնասիրում էի նաև «Վիվա» հիմնադրամը, որը ևս ղեկավարում է ղարաբաղցի մի կին՝ Տատյանա անունով։ Ասում են՝ նա էլ է մտերիմ հարաբերությունների մեջ եղել Ռուսաստանում Հայաստանի նախկին դեսպան Վարդան Տողանյանի հետ»։
«Վիվա» հիմնադրամի Տատյանա Հովհաննիսյանը անպատասխան չի թողել այս մեղադրանքը՝ հակադարձ գրառման մեջ նշելով ՀՀ առողջապահության նախկին և ներկա նախարարներին և մի շարք պաշտոնյաների՝ որպես թափանցիկության ապացույց։
Տատյանա Հովհաննիսյանն այսօր դիմել է Դատախազություն՝ իրավական տեսանկյունից այս հարցը լուծելու համար։ Նա նշել է, որ նման բան սպասում էր, և այս հիբրիդային պատերազմը նորություն չէ իրենց համար։
Ավելացնենք, որ Նատալի Ալեքսանյանը ևս երկու հիմնադրամների ղեկավարների է մեղադրել փողերի լվացման համար, որոնցից մեկը «Կյանքի ճանապարհ» բարեգործական հիմնադրամի ղեկավար Ելենա Բաղդասարյանն է, իսկ մյուսը՝ «Մենք ենք» բարեգործական հիմնադրամի ղեկավար Սոնա Ազարյանը։


