
Ճանճ՝ թխվածքաբլիթում, անհասկանալի առարկա՝ պանրում․ սննդային անվտանգության նորմեր են խախտվել
Քաղաքացին անհասկանալի առարկա է գտել «Մարիաննա» ընկերության սերուցքային պանրի մեջ։ Վերջինս ֆեյսբուքյան խմբերից մեկում է կիսվել լուսանկարներով։ ABC Media-ն կապ հաստատեց ընկերության հետ՝ պարզելու, թե արդյոք տեղյակ են դեպքից, ինչին ի պատասխան մեզ հորդորեցին գրավոր հարցում ուղարկել։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից արձագանքել են քաղաքացու գրառմանը։ Մասնավորապես տեսչական մարմնի մամուլի պատասխանատու Անուշ Հարությունյանը նույն գարռման մեկնաբանություններում պարզաբանել է, որ անհրաժեշտ է շեշտել, թե որտեղից են գնել այն, որպեսզի գործողություններ սկսելու համար հրաման բացվի։
«Պարտադիր գրեք, թե որտեղից եք գնել, խանութի հասցեն գրելն էլ է պարտադիր։ Եթե կտրոնը պահել եք՝ հրաշալի է, տնտեսվարողի տվյալները միանգամից կունենանք և հրամանն անմիջապես կբացվի։ Չլինելու դեպքում ժամանակ է կորում՝ այն ճշտելու համար։ Կտրոնը նաև հիմք է, որ հենց այդ խանութից եք գնել»,- գրել է Հարությունյանը։
Անուշ Հարությունյանն ասել է, որ ՍԱՏՄ-ն առանց հիմքի չի կարող գնալ տնտեսվարողի մոտ։
«Ձեր, իմ, մեր բոլորի ենթադրություններն ու նաև, երբեմն, շատ հիմնավոր տրամաբանությունը ոչինչ են օրենքի պահանջի դիմաց։ Վերահսկողությունը սկսվում է այնտեղից, որտեղից գնվում է ապրանքը, հետագծելիությամբ գնում ենք արտադրություն»,- ասել է նա։
Մեկ այլ օգտատեր էլ «Նազ սվիթ» ընկերության թխվածքաբլիթի մեջից ճանճ է գտել։ Նա ևս ահազանգ է հնչեցրել, սակայն ՍԱՏՄ-ն դեպքի մասին դիմում չի ստացել։ Առանց դիմումի գործել չի կարող։
«Անհրաժեշտ է, որ գրառումների կամ լրատվականներին ահազանգելու փոխարեն մեզ դիմեն։ Պիտի ճշտենք՝ ի՞նչ խմբաքանակով է մատակարարվել, ում է մատակարարվել, վերահսկողությունը պիտի սկսենք ելման կետից»,- ABC Media-ի հետ զրույցում ասել է ՍԱՏՄ մամուլի պատասխանատու Անուշ Հարությունյանը։


