
Ճապոնիան զորք է ուղարկել երկրի հյուսիս՝ արջերի հարձակումների դեմ պայքարելու համար
Ճապոնիայի զինված ուժերը չորեքշաբթի զորքեր են տեղակայել երկրի հյուսիսի լեռնային շրջաններում՝ արջերին որսալու համար․ գրում է Reuters գործակալությունը։
Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ տեղական իշխանությունները, արջերի հարձակումների մեծ ալիքի դեմ պայքարելիս բախվելով դժվարությունների, հրատապ խնդրանքով դիմել են երկրի զինված ուժերին։
Գործողությունը սկսվել է Կաձունո քաղաքում, որտեղ շաբաթներ շարունակ բնակիչներին հրահանգվել է խուսափել շրջակա խիտ անտառներ գնալուց, մնալ տանը մթնշաղից հետո և զանգակներ ունենալ՝ իրենց տների մոտակայքում սնունդ փնտրող արջերին վախեցնելու համար։
Շրջակա միջավայրի նախարարության տվյալներով՝ ապրիլից ի վեր Ճապոնիայում գրանցվել է արջերի ավելի քան 100 հարձակում, որոնց հետևանքով մահացել է 12 մարդ։ Այդ մահերի երկու երրորդը տեղի է ունեցել Ակիտա պրեֆեկտուրայում, որտեղ գտնվում է Կաձունո քաղաքը։
Ակիտայի իշխանությունները հայտնում են, որ այս տարի նման դեպքերի թիվը վեցապատիկ աճել է՝ հասնելով ավելի քան 8000-ի։


