
Հայտնի է՝ ի՞նչ մեղադրանքով է ձերբակալվել է Օշականցի Գևորիկը՝ Գևորգ Մելիքյանը
ՀՀ քննչական կոմիտեի և ԱԱԾ աշխատակիցների համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում ձերբակալվել է քրեական հեղինակություն Գևորգ Մելիքյանը՝ Օշականցի Գևորիկը:
«Պարզվել է, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը գործելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման սահմանած և ճանաչած վարքագծի կանոնների համաձայն, ստեղծելով և ղեկավարելով քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորում, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներից տեղեկանալով, որ ՀՀ քաղաքացի Հ.Մ.-ն ՌԴ-ում ծավալած գործունեության ընթացքում մեծ գումարներ է վաստակել, նրանից պահանջել է 250 հզր ԱՄՆ դոլար գումարի չափով անօրինական օգուտ։
Հ.Մ.-ի քույրը, տեղեկանալով նկարագրված խնդիրների մասին, դիմել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ս.Հ.-ին, ով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրականացման և անօրինական օգուտ ստանալու նպատակով ստանձնել է առաջացած գումարային խնդրի լուծումը: Արդյունքում, Ս.Հ.-ի և Գ.Մ.-ի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել պահանջված գումարի փոխարեն առավել նվազ՝ 66 հզր ԱՄՆ դոլարին համարժեք 25 մլն 522 հզր 200 ՀՀ դրամ վճարելու շուրջ, որը տուժողի կողմից փոխանցվել է Գ.Մ.–ին»,– ասված է ՔԿ հայտարարության մեջ։
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Գ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ պահպանելը), 323-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը կամ ղեկավարելը), իսկ Ս.Հ.-ի նկատմամբ՝ 322-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ պահպանելը):
Գ.Մ.-ն ձերբակալվել է, իսկ Ս.Հ.-ի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում՝ դատարան ներկայացնելու համար: Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։


