
Անջելինա Ջոլիի վարորդին, որին տարել էին Խերսոնի զինկոմիսարիատ, չեն կարողանում գտնել․ նրա հեռախոսն անջատված է
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլիի վարորդը, որին երեկ տարել էին Խերսոնի զինկոմիսարիատ, դեռևս չի գտնվել. նրա հեռախոսն անջատված է․ գրում են լրատվամիջոցները՝ նրա ընկերուհուն հղումով։
Լրատվամիջոցները տեղեկություններ են հայտնել վարորդի մասին․ նրա անունը Դմիտրի է, 33 տարեկան է, ծնունդով՝ Կրոպիվնիցկիից։ Նա մարտական սամբոյի մարզիչ է։ Դմիտրին պահեստազորի սպա է՝ մեջքի հիվանդությամբ, որի պատճառով նա կարող է ծառայել միայն զինվորական կոմիսարիատում կամ թիկունքում, բայց ոչ ռազմաճակատում, ասել է նրա եղբայրը։
Հաղորդվում է, որ դերասանուհուն տեղափոխող ջիփը կանգնեցվել է Նիկոլաևի մարզի Պիվդեննոուկրաինսկ քաղաքի մուտքի մոտ գտնվող անցակետում: Դմիտրիին ասել են, որ նա խնդիրներ ունի իր փաստաթղթերի հետ: Նա պատասխանել է՝ պնդելով, որ տեղափոխում է «կարևոր անձի», բայց, միևնույն է, նրան տարել են զինկոմիսարիատ:
Ջոլին ստիպված է եղել գնալ նրա ետևից և խնդրել, որ տղամարդուն ազատ արձակեն։
Նոյեմբերի 5-ին հաղորդվել էր Ջոլիի՝ Խերսոն այցի մասին: Դերասանուհին UNICEF-ի (ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամ) բարի կամքի դեսպան է: Իր բարեգործական ծրագրի շրջանակում նա այցելել է մի քանի բուժհաստատություն:


