29 Հուն
2026
-5° c ԵՐԵՎԱՆ
1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Յունիբանկում» առանց հաճախորդի իմացության վարկ ձևակերպելու գործով ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել

«Յունիբանկում» առանց հաճախորդի իմացության վարկ ձևակերպելու գործով ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել

«Յունիբանկում» հաճախորդի անունով, առանց իր իմացության վարկ վերցնելու գործով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին ABC Media-ին տեղեկացրել են ՀՀ Քննչական կոմիտեից։

«Մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու և փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն»,- տեղեկացրել են ՔԿ-ից:

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել էր «Յունիբանկում» տեղի ունեցած միջադեպի մասին։ Խաժակյանի խոսքով՝ բանկի հաճախորդներից մեկը հայտնվել է պարտքի տակ՝ առանց իր գիտության։ Երբ քաղաքացին փորձել է պարզել, թե ինչպես է նման բան հնարավոր, բանկի կողմից, ըստ Խաժակյանի, ստացել է անպարկեշտ և անպատասխանատու պատասխան։

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն էլ, իր վերջին ասուլիսում անդրադառնալով միջադեպին, նշել էր, որ նմանատիպ դեպքեր արձանագրվում են տարբեր երկրների ֆինանսական համակարգերում։ Նրա խոսքով՝ չկա երկիր, որտեղ ֆինանսական համակարգում, որ ունի բազմաթիվ ռիսկեր, այդ տիպի դեպքեր չլինեն։ «Մեր նպատակն է նման դեպքերի քանակը հասցնել մինիմալի, փորձենք ինստիտուցիոնալ լուծումներ տալ»,–ասել էր նա։

Իսկ «Յունիբանկ»-ը հերքել էր բոլոր մեղադրանքները՝ հայտարարելով, որ գործում է բացառապես օրենքի և ներքին կանոնակարգերի շրջանակում։

«Բանկը գործում է օրենքին և իր ներքին կանոնակարգերին համապատասխան՝ հետևողականորեն պաշտպանելով իր հաճախորդների շահերը։ Մենք չենք տեսնում միջնորդների ներգրավման անհրաժեշտություն հաճախորդների հետ հարաբերություններում, ուստի նախընտրում ենք չմեկնաբանել վիրավորական մեղադրանքներ պարունակող գրառումները»,- ասել էին բանկից։

 

 

Ռազմագերիներ