
Ադրբեջանական բանակը կհամապատասխանեցվի ՆԱՏՕ-ի չափանիշներին․ Ռուսաստանում արձագանքել են Ալիևի հայտարարությանը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանական բանակը կհամապատասխանեցվի ՆԱՏՕ-ի չափանիշներին։
Նա հավելել է, որ այս հարցում սերտորեն համագործակցում են Թուրքիայի հետ, և որ Ադրբեջանի զինված ուժերի արդիականացումը կշարունակվի։
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը Lenta.ru-ի հետ զրույցում մեկնաբանել է Ալիևի ասածները։ Նա կարծում է, որ Ադրբեջանի նախագահի ասածները չպետք է անակնկալ լինեին։
«Այս իրադարձությունները նորություն չեն։ Դրանք պարզապես արդեն լուծված հարցի վերաբերյալ հերթական հայտարարությունն են։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի համագործակցությանը, այն իրականացվում է անմիջականորեն Թուրքիայի միջոցով։ Ադրբեջանն ու Թուրքիան, ըստ էության, ունեն ընդհանուր բանակ և հրամանատարություն, ռազմաքաղաքական դաշինք»,- ասել է նա։
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, Ալիևն այսօր ընդունել է Ադրբեջանում գտնվող ՆԱՏՕ-ի պատվիրակությանը։


