
«Միսս Տիեզերք» մրցույթի կազմակերպիչը Մեքսիկայի մասնակցին հիմար է անվանել և ստիպել է լքել դահլիճը
Թաիլանդում «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթի կազմակերպիչ Նավատ Իցարագրիսիլը Մեքսիկայի մասնակից Ֆաթիմա Բոշին անվանել է «հիմար» և ստիպել է նրան հեռանալ․ գրում է MS News-ը։
Իցարագրիսիլը բոլորի ներկայությամբ հանդիմանել է Ֆաթիմա Բոշին՝ հովանավորվող լուսանկարահանմանը չմասնակցելու համար։ Մրցույթի կազմակերպիչը խնդրել է մասնակցուհուն կանգնել և բացատրել, թե ինչու է բաց թողել միջոցառումը։ Բոշը բացատրել է, որ չի կարող մասնակցել իր ազգային կազմակերպության հետ պայմանավորվածությունների պատճառով, քանի որ նման միջոցառումները պետք է հաստատվեն։ Այնուհետև Իցարագրիսիլը մասնակցուհուն անվանել է «հիմար», որից հետո կանչել է անվտանգության աշխատակիցներին։
«Ով չի ուզում մասնակցել մրցույթին՝ վեր կացեք և հեռացեք»,- դիմել է կազմակերպիչը մյուս մասնակիցներին։
Ֆաթիմա Բոշը լքել է դահլիճը, նրան հետևել են այլ մասնակիցներ ևս։ Սկանդալից հետո «Միսս Տիեզերք» մրցույթի գլխավոր գրասենյակը պաշտոնական մամուլի հաղորդագրություն է տարածել՝ ներողություն խնդրելով և դատապարտելով Իցարագրիսիլի վարքագիծը։


