
Եթե երաշտը շարունակվի, ջրի պակասի պատճառով ստիպված կլինենք տարհանել Թեհրանը․ Մասուդ Փեզեշքիան
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը զգուշացրել է Թեհրանի հնարավոր տարհանման մասին, եթե երկարատև երաշտի պատճառով առաջացած ջրային ճգնաժամը շարունակի վատթարանալ։ Փեզեշքիանն այս հայտարարությունն արել է երկրի արևմուտքում գտնվող Սանանդաջ քաղաք կատարած աշխատանքային այցի ժամանակ։
Նա հատուկ ուշադրություն է դարձրել բազմամյա երաշտի պատճառով առաջացած ջրամատակարարման ծայրահեղ վատ վիճակին։
«Իրանը բախվում է բնական մարտահրավերների՝ տեղումների դեֆիցիտի և ջրային ռեսուրսների սպառման, որոնք հղի են լուրջ հետևանքներով», – ասել է Իրանի նախագահը։
Ընդգծելով ջրի և էներգիայի խիստ խնայողության և ռեսուրսների ավելի ռացիոնալ կառավարման անցման անհրաժեշտությունը՝ նախագահը կենտրոնացել է մայրաքաղաքում տիրող մտահոգիչ իրավիճակի վրա։
«Եթե մոտ ապագայում անձրև չգա, մենք ստիպված կլինենք Թեհրանում ջրի խիստ սահմանափակումներ մտցնել հաջորդ ամսվանից սկսած։ Իսկ եթե տեղումներ այդպես էլ չլինեն, պաշարները կսպառվեն, և մենք ստիպված կլինենք լքել քաղաքը», – հայտարարել է Իրանի նախագահը։


