
Հարավային Կովկասում կայունությունը կախված կլինի հիմնական խաղացողների կողմից ուժերի դինամիկան կառավարելու և վերահսկելու կարողությունից․ Newsweek
Վերլուծաբանները նշում են, որ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը խորացնելու Ադրբեջանի վերջին քայլերը մարտահրավեր են նետում Ռուսաստանին և խորացնում են Արևմուտքի ներխուժման մասին մտահոգություններն այն տարածաշրջան, որը Մոսկվան համարում է իր ազդեցության գոտի․ գրում է Newsweek-ը։
Ինչպես նշվում է, ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև լարվածությունը գագաթնակետին է հասել Ուկրաինայում շարունակվող պատերազմի պատճառով։ Ադրբեջան-ՆԱՏՕ խորացող համագործակցության հեռանկարը կարող է խաթարել Ռուսաստանի ռազմական ազդեցությունը և էներգետիկ շահերը Հարավային Կովկասում։
Կայքը հիշեցնում է, որ օգոստոսի 8-ին Սպիտակ տանն Ադրբեջանի և Հայաստանի միջև նախաստորագրվել է խաղաղության համաձայնագիր։ Նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ կնքված համաձայնագիրը նաև Միացյալ Նահանգներին 99 տարվա վարձակալության իրավունք է տալիս, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ , որը Հարավային Հայաստանի միջոցով կապում է Ադրբեջանը Նախիջևանի էքսկլավի հետ։ Սա մտահոգություններ է առաջացնում Ռուսաստանում և Իրանում, որ դա կարող է ամերիկյան ուժերին տարածաշրջան անմիջական մուտքով ապահովել։
Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանական բանակը համապատասխանեցվելու է ՆԱՏՕ-ի չափանիշներին՝ ընդգծելով այս գործընթացի շրջանակում թուրքական զինված ուժերի հետ սերտ համագործակցությունը և Ադրբեջանի ու դաշինքի միջև կապերի ամրապնդման կարևորությունը։
Ռուս վերլուծաբանների կարծիքով՝ ՆԱՏՕ-ի չափանիշներով Ադրբեջանի ռազմական արդիականացումը կարող է ազդարարել անդամակցության ապագա հայտի մասին, չնայած Բաքուն դեռևս պաշտոնական դիմում չի ներկայացրել։
Ռուսաստանի համար մեկ այլ մտահոգություն է Ադրբեջանի սերտ կողմնորոշումը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի նկատմամբ, ինչը կարող է սրել լարվածությունը Ռուսաստանի և նրա դաշնակից Իրանի հետ Հարավային Կովկասում: Թուրքիան աջակցել է Ադրբեջանին Հայաստանի հետ երկարատև հակամարտության ընթացքում, որը ստացել է Ռուսաստանի աջակցությունը։
Կայքն ընդգծում է՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների պահպանումը կարևոր է Ադրբեջանի համար, որն ամուր գործարար և ներդրումային կապեր ունի Մոսկվայի հետ և վերահսկում է Ռուսաստանն Իրանին կապող կարևոր տարանցիկ երթուղին՝ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի միջոցով: Միևնույն ժամանակ՝ Բաքվի գործընկերությունն արևմտյան երկրների հետ ծառայում է որպես պաշտպանիչ միջոց Մոսկվայի ազդեցության դեմ:
Միջազգային հարաբերությունների փորձագետ Էմիլ Ավդալիանին այս առումով գրել է. «Ադրբեջանն իրեն համարում է նշանակալի տարածաշրջանային տերություն, որն ավելի լավ վիճակում է, երբ ազատ է Կրեմլի քաղաքականության կապանքներից։ Եվ Ռուսաստանը շատ բան չի կարող անել դրա հետ կապված»։
Newsweek-ը եզրակացրել է, որ Հարավային Կովկասում տարածաշրջանային կայունությունը կախված կլինի նրանից, թե ինչպես են հիմնական խաղացողները կառավարելու ուժերի դինամիկան և վերահսկելու Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի իրականացումը։


