
Մալիում կնոջն առևանգել և հրապարակայնորեն մահապատժի են ենթարկել TikTok-ում գրառման համար
Մալիի հյուսիսում երիտասարդ կնոջը դաժանորեն սպանել են սոցցանցերում իր ակտիվության պատճառով: Մարիամե Սիսսեն, որը TikTok-ում ուներ ավելի քան 90,000 հետևորդ, առևանգվել և հրապարակայնորեն մահապատժի է ենթարկվել կասկածյալ ջիհադիստների կողմից։ Այս մասին հայտնել է SCMP-ն՝ հղում անելով զոհի ընտանիքին և տեղական իշխանություններին։
Ողբերգությունը տեղի է ունեցել Տոնկա քաղաքում, որտեղ կինը պարբերաբար տեսանյութեր է նկարահանել քաղաքի կյանքի մասին: Զինյալները մեղադրել են կնոջը սոցիալական ցանցերում գրառումների միջոցով «Մալիի բանակին իր տեղաշարժերի մասին տեղեկացնելու» համար։
«Իմ քույրը հինգշաբթի ձերբակալվել է ջիհադիստների կողմից», – նշել է զոհի եղբայրը։
Նրա խոսքով՝ առևանգվելուց հետո աղջկան մոտոցիկլետով տարել են Տոնկայի Անկախության հրապարակ, որտեղ հարձակվողները հրապարակային մահապատիժ են իրականացրել: Տեղական անվտանգության ծառայությունները հաստատել են այս տեղեկատվությունը։
Այս հանցագործությունը տեղի է ունեցել տարածաշրջանում լարվածության սրման ֆոնին, որտեղ ահաբեկչական խմբավորումները գործում են 2012 թվականից ի վեր: Երկրի ռազմական իշխանությունները շարունակում են պայքարել ջիհադիստական սպառնալիքի դեմ Բուրկինա Ֆասոյի և Նիգերի բանակների հետ համատեղ:


