
Եթե պարտքը չլիներ, գործարանը սնանկ չէր ճանաչվի․ «Հրազդան ցեմենտի» աշխատակիցներն ակցիա են անում
«Հրազդան ցեմենտ» գործարանի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում գործարանի տարածքում։ Աշխատակիցների խոսքով՝ գործարանը սնանկ է ճանաչվել կուտակված պարտքերի պատճառով։
«Եթե պարտք չլիներ, գործարանը սնանկ չէին ճանաչի։ 400 աշխատող տանն է, արդեն 12 ամիս աշխատավարձ չենք ստացել։ Պարտքերը չեն մարում, 570 միլիոն դրամ պարտք կա։ Ցեմենտը տարել են, չեն վճարել։ Գործարանի ղեկավար Խաչատուրով Կոլյայի տղան միայն 300 միլիոնից ավելի պարտք ունի»,- լրագրողների հետ զրույցում ասաց աշխատակիցներից մեկը։
Մեկ այլ աշխատակից, որն աշխատում է գործարանի ավտոտրանսպորտային արտադրամասում, նշեց, որ մինչ օրս հստակ չեն հասկանում, թե ինչ է լինելու գործարանի ճակատագիրը։
«Տան միակ աշխատողն եմ, երկու թոշակառու ունեմ, փոքր երեխաներ կան։ Եկել եմ աշխատանքի, դուռը փակել են վրաս, ասում են՝ մի եկեք։ Էդպես էլ մնացել ենք»,-պատմեց նա։
Աշխատակիցները նշում են, որ «Հրազդանի Ցեմենտը» իրենց համար ոչ միայն աշխատավայր է, այլ նաև եկամտի միակ աղբյուրը, որով պահում են ընտանիքները։


