
Հայ դատավորները Ժնևում ներկայացրել են մտավոր սեփականության ոլորտի ազգային փորձը
Բարձրագույն դատական խորհրդի անդամ, ՀՀ վարչական դատարանի դատավոր Մերի Համբարձումյանը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը Ժնևում մասնակցել են Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ/WIPO) կազմակերպած դատավորների երկօրյա համաժողովին․ տեղեկացնում է դատական իշխանությունը։
«Համաժողովի նպատակն էր խթանել մտավոր սեփականության վերաբերյալ հայցերին առնչվող ընդհանուր մտահոգության հարցերի շուրջ դատավորների միջև երկխոսությունը, ինչպես նաև՝ փոխանակել լավագույն փորձը։ Մասնագիտական հարթակում քննարկվել են աշխարհի տարբեր երկրների դատավորներին գործնականում հանդիպող մտավոր սեփականության արդիական խնդիրները, ինչպես նաև՝ դատական ակտերը, որոնք և ծառայել են որպես փորձի փոխանակման հիմք։
Համաժողովին ելույթ է ունեցել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը՝ ներկայացնելով դատական գործերից մեկի Հ վճռաբեկ դատարանի որոշումը՝ որպես մտավոր սեփականության իրավունքների քաղաքացիական և քրեական կիրառման սահմանները պարզաբանող հիմնական նախադեպ։
Բարձրագույն դատական խորհրդի անդամ Մերի Համբարձումյանը և դատավոր Արսեն Նիկողոսյանը հանդիպել են նաև Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ/WIPO) «WIPO LEX» բաժնի ղեկավարին, քննարկել ՄՍԿԻ-ի կողմից գործարկվող տվյալների բազայի («WIPO LEX JUDGMENTS») միջոցով մտավոր սեփականության ոլորտում կարևորագույն դատական ակտերի տարածման նպատակով հետագա համագործակցությանն առնչվող հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ։


