
Ասադը պետք է պատասխանատվության ենթարկվի իր արածների համար․ Սիրիայի նախագահի հարցազրույցը Fox News-ին
Սիրիայի նախկին ռեժիմի տապալումից հետո երկիրը թևակոխել է նոր դարաշրջան․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Սպիտակ տանը կայացած հանդիպումից հետո Fox News-ին տված հարցազրույցում ասել է երկրի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան։
«Վերջին 60 տարվա ընթացքում Սիրիան մեկուսացված էր ամբողջ աշխարհից․ Միացյալ Նահանգների և Սիրիայի միջև կապը կտրված էր, և սա առաջին դեպքն է անցյալ դարի քառասունական թվականներին Սիրիայի Հանրապետության հռչակումից ի վեր, որ երկրի նախագահն այցելում է Սպիտակ տուն»,- ասել է ալ-Շարաան։
Լրագրողի հարցին՝ հանդիպման ընթացքում Սիրիան պարտավորվե՞լ է արդյոք միանալ Մերձավոր Արևելքում «Իսլամական պետության» (ԻՊ) դեմ պայքարի կոալիցիային, ալ-Շարաան ասել է․ «Մենք մասնակցել ենք ԻՊ-ի դեմ բազմաթիվ մարտերի, և 14 տարվա ընթացքում շատ կորուստներ ենք ունեցել․ ԻՊ-ի դեմ մարտերում ես կորցրել եմ իմ ուժերի մեծ մասը: ԱՄՆ-ի ռազմական ներկայության պատճառը Սիրիայում պետք է լինի Սիրիայի կառավարության հետ համակարգված աշխատանքը: Այսպիսով, մենք պետք է քննարկենք այս հարցերը և խոսենք ու համաձայնության գանք ԻՊ-ի վերաբերյալ»։
Լրագրողը Սիրիայի առաջնորդին հիշեցրել է «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության հետ նրա կապը, որ ընդամենը 11 ամիս առաջ ԱՄՆ կառավարությունը նրան ահաբեկիչ էր համարում, իսկ հիմա նա Վաշինգտոնում բասկետբոլ է խաղում ԱՄՆ ռազմական ղեկավարության հետ և հանդիպում նախագահ Թրամփի հետ։ Հարցին, թե ի՞նչ է փոխվել ԱՄՆ-Սիրիա հարաբերություններում, ալ-Շարաան ասել է, որ Թրամփի հետ բանակցություններում խոսել են ապագայի, պատժամիջոցները վերացնելու և ներդրումային հնարավորությունների մասին, այն մասին, որ Սիրիան այլևս չդիտարկվի որպես անվտանգության սպառնալիք, այլ որպես աշխարհաքաղաքական դաշնակից և մի երկիր, որտեղ ԱՄՆ-ն կարող է մեծ ներդրումներ կատարել, մասնավորապես՝ գազի արդյունահանման ոլորտում։
Աբրահամի համաձայնագրերին Սիրիայի միանալու Թրամփի ցանկության մասին հարցին ալ-Շարաան ասել է․ «Սիրիայում իրավիճակը տարբերվում է այն երկրների իրավիճակից, որոնք կնքել են Աբրահամի համաձայնագրերը։ Սիրիան սահմանակից է Իսրայելին, իսկ Իսրայելը 1967 թվականից ի վեր օկուպացրել է Գոլանի բարձունքները։ Մենք հիմա չենք պատրաստվում անմիջականորեն բանակցությունների մեջ մտնել, բայց գուցե ԱՄՆ վարչակազմը՝ նախագահ Թրամփի գլխավորությամբ, կօգնի մեզ հասնել նման բանակցությունների»։
Հիշեցնենք, որ համաձայնագրերի հիմնարար սկզբունքն այն է, որ Իսրայելն իրավունք ունի գոյություն ունենալ որպես ինքնիշխան հրեական պետություն:
Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցին ի պատասխան՝ ալ-Շարաան ասել է, որ «արդարությունը պետք է հաղթի, մենք ստեղծել ենք արդարադատության հանձնաժողով, որպեսզի բոլորը, այդ թվում՝ Բաշար ալ-Ասադը, պատասխանատվության ենթարկվեն իրենց արածների համար»։

