
Հակամարտության կարգավորումը պայմաններ է ստեղծել Բաքվի և Մոսկվայի միջև հարաբերությունները դաշնակցային մակարդակի բարձրացնելու համար․ Ադրբեջանի դեսպան
Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները նոր մակարդակի են հասել։ RTVI-ի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը։
«Հայ-ադրբեջանական (Ղարաբաղյան – Խմբ․) հակամարտության վերջնական կարգավորումը բարենպաստ պայմաններ է ստեղծել Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները նոր՝ դաշնակցային համագործակցության մակարդակի բարձրացնելու համար»,- նշել է դեսպանը։
Նրա խոսքով՝ 30-ամյա հակամարտության ավարտն ազատել է Ադրբեջանի ռեսուրսները ռազմավարական տնտեսական և տրանսպորտային նախագծերի իրականացման համար, որոնք կկամրջեն Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի և Մերձավոր Արևելքի երկրների տնտեսությունները։ Դրանց թվում են, առաջին հերթին, «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը և «Միջին միջանցք» նախագիծը։
«Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը սկսվել է։ Հստակեցվել է 13 կիլոմետրանոց սահմանային գիծ։ Ադրբեջանն ու Հայաստանը բացել են իրենց օդային տարածքը միմյանց ուղևորատար չվերթների և իրենց տարածքները՝ բեռների տարանցման համար։ Սկսված վստահության ամրապնդման գործընթացի շրջանակում վերջերս Բաքվից ուղիղ չվերթով Երևան է ժամանել Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների առաջին խումբը», – նշել է ադրբեջանցի դեսպանը։
Մուստաֆաևը նաև խոստովանել է, որ Մոսկվայի և Բաքվի հարաբերությունները «փորձության են ենթարկվել, այդ թվում՝ անցյալ տարվա դեկտեմբերին տեղի ունեցած ողբերգության պատճառով, որը կապված էր AZAL-ի ուղևորատար ինքնաթիռի խոցման հետ»։
Այնուամենայնիվ, հոկտեմբերի 9-ին Դուշանբեում կայացած ԱՊՀ գագաթնաժողովում Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի հանդիպման արդյունքները դրականորեն են ընդունվել Բաքվում։


