
Իմաստը ո՞րն է Հայաստանի վրա քաշել 44-օրյայի պատասխանատվության վերմակը՝ դրանով իսկ մաքրելով Ադրբեջանին, դա վտանգավոր է հենց ՀՀ-ի համար․ Տաթև Հայրապետյան
Ինձ համար սկզբունքորեն անհասկանալի են այն խոսակցությունները, երբ Արցախի դեմ 2020 թվականին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պատասխանատվությունը դրվում է Հայաստանի վրա։ Դա անում են թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանությունները․ գրում է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը։
«Ես ընդամենը ցանկանում եմ ներկայացնել Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի ինքնախոստովանական ցուցմունքները, որտեղ նա պարզ ու ուղիղ ասում է, որ նախապատրաստվել է այդ պատերազմին, մերժել է խաղաղ կարգավորման առաջարկները, հստակ նպատակադրված պատրաստել է բանակը, իրականացրել է ատելության քարոզ, այսինքն՝ համակարգված աշխատել է պատերազմ սկսելու համար։ Դա արել է 20 տարի շարունակ։
Հիմա սա թողած, սրան հաջորդած զավթողական ծրագրերը, դրանց կանխման մասին զրույցը թողած՝ իմաստը ո՞րն է Հայաստանի վրա քաշել պատասխանատվության վերմակը՝ դրանով իսկ մաքրելով Ադրբեջանին։ Ես դա համարում եմ վտանգավոր հենց Հայաստանի Հանրապետության համար»,- գրում է ադրբեջանագետը։


