24 Դեկ
2024
-0° c ԵՐԵՎԱՆ
0.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հույս ունեինք՝ միջազգային հանրությունը, ՌԴ-ն, Հայաստանը քայլեր կձեռնարկեն, պարզվեց՝ դիտորդի կարգավիճակով հետևում են․ Արցախի պետնախարար

Հույս ունեինք՝ միջազգային հանրությունը, ՌԴ-ն, Հայաստանը քայլեր կձեռնարկեն, պարզվեց՝ դիտորդի կարգավիճակով հետևում են․ Արցախի պետնախարար

Ադրբեջանն ու աշխարհը Արցախն
ուզում են դարձնել զոհասեղան, որի վրա դրված է մեր հայրենակիցների, մեր երեխաների կյանքը․
Արցախում մեկնարկած հանրահավաքի ժամանակ ասաց Արցախի պետնախարար Գուրգեն ներսիսյանը։

«Գրեթե մեկ ամիս է, ինչ Արցախն ապրում է իր
ներքին ռեսուրսների հաշվին։ Այդ ընթացքում փորձել ենք իրավիճակը պահել այնպես, որպեսզի
Արցախի շրջափակման այս ծանրագույն հետևանքները նվազագույն ազդեդությունն ունենան արցախցու
վրա։ Հույս ունեինք, որ միջազգային հանրությունը, Ռուսաստանի դաշնությունը, Հայաստանի
Հանրապետությունը քայլեր կձեռնարկեն այս մահաբեր ընթացքը կանգնեցնելու համար, բայց
պարզվեց, որ բոլորն ընդամենը դիտորդի կարգավիճակով կողքից հետևում են այդ ամենին»,-
ասաց պետնախարարը։

Նրա խոսքով, եթե 2022 թվականի դեկտեմբերի
12-ից արցախցին ստիպված էր թերսնվել, եթե երեխաները, տարեցները, առողջական խնդիրներն
ունեցողները հարկադրված էին անցնել ծանրագույն կենսական դժվարությունների միջով, ապա
2023 թվականի հունիսի 15-ից ժողովուրդը կանգնած է ֆիզիկական գոյությանը սպառնացող վտանգի
առջև։

Վիճակն այսօր օրհասական է, իսկ վաղվա յուրաքանչյուր
օրը լինելու է էլ ավելի ծանր ու դժվար։ Այսօր արդեն առկա են բազմաթիվ առողջապահական
խնդիրներ, մի շարք համայնքներ հաջորդաբար զրկվում են խմելու ջուր ունենալու հնարավորությունից։

«Մայրաքաղաքից հեռու գյուղական համայնքների
բնակիչները դարձել են գերիներ և շատերի հետ շրջկենտրոնների ու մայրաքաղաքի հետ միակ
կապը հեռախոսազանգն է։ Շուշիի շրջանի մեր գյուղերի բնակիչները դարձել են պատանդ։ Նախ
կրճատվել, այժմ դադարեցվում են միջհամայնքային հասարակական երթևեկությունը, մանկապարտեզներում
երեխաները գրեթե չեն սնվում, հիվանդանոցներում հիվանդներին տրվում է չնչին քանակի սնունդ։
Օրեր անց չեն աշխատելու շտապօգնության մեքենաները, մարդիկ ունենալու են տարրական դեղորայքի
ու բժշկական օգնության հասանելիության խնդիր։ Եվ հիմա հարց եմ ուզում ուղղել միջազգային
հանրությանը , ՀՀ-ին ու ՌԴ-ին, ձեզ ի՞նչ է անհրաժեշտ , ինչի՞ն եք դուք սպասում , ուզում
եք այս հրապարակում ամեն օր մենք դիակներ ունենանք նո՞ր արձագանքեք, ուզում եք օրեր
առաջ մանկահասակ երեխաների մահվան դեպքի կրկնությունն ունենանք, որ խելքի գանք, ես
բոլորի անունից ասում եմ՝ բավական է»,-ասաց Ներսիսյանը։