
Նախընտրական շտաբից ընկերուհու հետ դուրս է եկել, 4-5 մեքենաներից անհայտ մարդիկ են իջել, առևանգել են․ մանրամասներ՝ «Մայր Հայաստան»-ի աջակցի առևանգման դեպքից
Նախընտրական շտաբից ընկերուհու հետ դուրս է եկել, չորս-հինգ մեքենաներից անհայտ մարդիկ են իջել, ընկերուհուն հրել են մի կողմ, իրեն պառկեցրել ասֆալտին ու առևանգել։ Վաղարշապատում «Մայր Հայաստան» կուսակցության համակարգող Գևորգ Ստեփանյանն ABC Media-ին մանրամասներ է հայտնել իրենց համախոհի առևանգման դեպքից։
«Քաղաքացիական հագուստով էին, ոստիկանական որևէ նշան չկար։ Նա բլոգեր է, քաղաքի խնդիրների մասին է բարձրաձայնում։ Որոշել է մեզ աջակցել ընտրության ժամանակ»,- ասաց Ստեփանյանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ քիչ առաջ Վաղարշապատում անհայտ անձանց կողմից գետնին տապալելուց հետո առևանգվել է «Մայր Հայաստան»-ի աջակից, բլոգեր Օնո Հարությունյանը։


