
Վրացի փրկարարները հայտնաբերել են թուրքական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհված 20 անձանցից 18-ի մարմինը
Վրացի փրկարարները հայտնաբերել են թուրքական C-130 ռազմատրանսպորտային ինքնաթիռի վթարի հետևանքով զոհված 20 անձանցից 18-ի մարմինը․ ինչպես գրում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարար Գելա Գելաձեն։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը երեքշաբթի հայտարարել էր, որ Վրաստանում վթարի է ենթարկվել Lockheed C-130 Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռը, որի հետևանքով զոհվել է 20 մարդ։ Անկարան համակարգում է որոնողա-փրկարարական գործողությունները Թբիլիսիի հետ։
«Օդանավում եղել է 20 մարդ։ Հայտնաբերվել է 18-ի մարմինը։ Երկու մարդու որոնումները շարունակվում են։ Ես մշտական կապի և համակարգման մեջ եմ Թուրքիայի ներքին գործերի նախարարի հետ», – ասել է նախարարը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանից թռած թուրքական օդանավը կործանվել էր ադրբեջանա-վրացական սահմանի մոտ։


