
Լավրովն ու Արաղչին քննարկել են տարածաշրջանային արդիական հարցեր
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց են ունեցել։
Նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային արդիական հարցերի շուրջ․ հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։
Նրանք ողջունել են Քաբուլի և Իսլամաբադի միջև Քաթարի և Թուրքիայի իշխանությունների միջնորդությամբ ձեռք բերված համաձայնությունը՝ փոխադարձ հրադադարի և աֆղանա-պակիստանյան սահմանի երկայնքով հրադադարի վերաբերյալ։ Դիվանագետները կոչ են արել շարունակել երկխոսությունը երկու բարեկամ պետությունների միջև՝ տարաձայնությունները քաղաքական և դիվանագիտական միջոցներով լուծելու համար՝ տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովման շահերից ելնելով։
Սերգեյ Լավրովը և Արաղչին քննարկել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները, մասնավորապես՝ պաղեստինա-իսրայելական խաղաղության գործընթացը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից այս հարցի քննարկումը, ինչպես նաև Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհրդում ստեղծված իրավիճակը, որտեղ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան փորձում են հակաիրանական արշավ սկսել։
Նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների մի շարք ասպեկտների շուրջ։
Նրանք վերահաստատել են իրենց հանձնառությունը Ռուսաստանի և Իրանի միջև հոկտեմբերի 2-ին ուժի մեջ մտած Համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագրի անվերապահ կատարմանը։


