
Քննչական մարմինը Նաթան սրբազանի հեռախոսազրույցի վերաբերյալ ցուցաբերում է խտրական վերաբերմունք․ Արա Զոհրաբյան
Վերջին օրերին Արագածոտնի թեմից և Մայր Աթոռից բազմաթիվ հոգևորականներ են հրավիրվել իրավապահ մարմին՝ որպես վկա հարցաքննվելու․ Facebook-ի իր էջում գրում է փաստաբան Արա Զոհրաբյանը։
«Ընդ որում, սա ոչ թե Երևանի քննչական վարչությունում քննվող վարույթով է, որով բերման էին ենթարկել Արագածոտնի թեմի հոգևորականներին, այլև՝ Նաթան Սրբազանի հետ կապված քրեական վարույթով:
Նաթան Սրբազանի հեռախոսային խոսակցության հետ կապված՝ քրեական վարույթ էր նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, որը վերաբերում էր հավաքին մասնակցելը հարկադրելուն:
Պարզվում է, որ այդ նույն քրեական վարույթի շրջանակում քննչական կոմիտեն հիմա էլ Քրեական օրենսգրքի 203-րդ հոդվածի հատկանիշներով է վարույթ իրականացնում:
Քննչական մարմնին հետաքրքրում է կարգալույծ եղած նախկին տեր Արամ Ասատրյանի և տեր Թադե քահանայի վերաբերյալ Մայր Աթոռում առկա տեղեկությունները:
Ըստ Քրեական օրենսգրքի՝ խտրականություն է համարվում տարբերակված վերաբերմունքի դրսևորումը, ինչը ոտնահարում է անձի իրավունքները կամ ազատությունները, կամ որով անձին առավելություններ են տրվում՝ առանց օբյեկտիվ հիմքի կամ իրավաչափ նպատակի՝ սեռի, ռասայի, մաշկի գույնի, աշխարհայացքի, քաղաքական կամ այլ հայացքների, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքների հիմքով:
Պատկերացնո՞ւմ եք՝ քննչական մարմինը մտածում է, որ նախկին տեր Արամին կարգալույծ են արել՝ խտրական վերաբերմունքով պայմանավորված: Քննչական մարմնին չի հետաքրքրում, որ հենց քննչական մարմինն է խտրական վերաբերմունք ցույց տալիս Նաթան Սրբազանի հեռախոսային խոսակցության դեպքով, երբ քրեական վարույթ չի նախաձեռնում ՀՀ քրեական օրենսգրքի 206-րդ հոդվածի հատկանիշներով, որը վերաբերում է հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունն ապօրինի խախտելուն:
Հիշեցնեմ, որ հենց այդ հատկանիշներով քրեական գործ հարուցվել էր Նիկոլ Փաշինյանի և Արթուր Վանեցյանի հեռախոսային խոսակցության գաղտնիությունը խախտելու դեպքի առիթով:
Նախկին տեր Արամի նկատմամբ որևէ խտրական վերաբերմունք չի դրսևորվել, որովհետև չի եղել դեպք, որ որևէ հոգևորական
ա/ Հրապարակային ելույթներով ու հայտարարություններով վարկաբեկի Հայ Եկեղեցին, թեմակալ առաջնորդին և ծառայակից եկեղեցականներին,
բ/ Անտեսի թեմակալ Առաջնորդի հորդորներն ու հրահանգները՝ հարատևի իր կարգազանց ընթացքի մեջ․․․»,- նշում է փաստաբանը։


