
Ադրբեջանական ՀՕՊ-ը կարող էր պատահաբար խոցել թուրքական ռազմական ինքնաթիռը․ փորձագետներ
Թուրք փորձագետները չեն բացառել այն հնարավորությունը, որ Ադրբեջանի ՀՕՊ-ը ավտոմատ կերպով ակտիվացել է, ինչն էլ Վրաստանի սահմանային շրջանում թուրքական C-130 «Հերկուլես» ռազմական տրանսպորտային ինքնաթիռի կործանման պատճառն է դարձել․ գրել է Pravda.ru-ն։
Ինքնաթիռը, որը վերադառնում էր Բաքվից, 20 զինծառայող էր տեղափոխում` հատուկ նշանակության ուժեր և տեխնիկական անձնակազմ: Նրանք մասնակցում էին նոյեմբերի 8-ին Ադրբեջանի մայրաքաղաքում կայացած ռազմական շքերթին։ Նրանք բոլորը և անձնակազմի անդամները զոհվել են։ Ըստ տեղեկությունների՝ Վրաստանն ու Թուրքիան հետաքննություն են անցկացնում։ Վերջին անգամ ինքնաթիռը համալիր սպասարկում է անցել 2020 թվականին։ Ինչպես միշտ, քննարկվում են երեք վարկած՝ տեխնիկական պատճառներ, մարդկային սխալ և արտաքին միջամտություն։
Վթարի հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է ինքնաթիռը վայրէջք կատարում որպես առանց քթի և պոչի հատվածների։ Haber հրատարակությունը մատնանշում է երկու ամենահավանական վարկածները։ Առաջինն այն է, որ «ինքնաթիռի ֆյուզելաժում կարող էր անցք առաջանալ կոռոզիայի, ժանգի կամ օքսիդացման պատճառով»։ Երկրորդը՝ բեռը պատշաճ կերպով չի ամրացվել և տուրբուլենտության ժամանակ տեղաշարժվել է, ինչի հետևանքով՝ ինքնաթիռի ֆյուզելաժը քայքայվել է։
Ռազմական փորձագետ Ալեքսեյ Լեոնկովը նշել է, որ ինքնաթիռի օդում քայքայումը վկայում է կառուցվածքի անբավարար ամրության մասին։ Սակայն փորձագետը կասկածում է «մետաղական հոգնածության» մասին, քանի որ C-130-ը գերձայնային չէ և կրիտիկական գերբեռնվածություն չի ունեցել։
Milliyet-ի հետ զրույցում ահաբեկչության և անվտանգության թուրք փորձագետ Ջոշքուն Բաշբուղն այս տեսությունը քիչ հավանական է համարել: Նա վստահ է, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերի տեխնիկական անձնակազմն «աշխարհի լավագույններից» է սպասարկման առումով: Նա նաև բացառում է օդաչուի սխալը, քանի որ եղանակը լավ էր, բայց չի բացառում «երկու ինքնաթիռների բախումը, դիվերսիան կամ որևէ այլ հարձակումը»:
Հրապարակումը նշում է, որ նախկինում հաղորդվել էր, որ C-130-ը հնարավոր է խոցվել է «ավտոմատ հակաօդային պաշտպանության համակարգի» կողմից, քանի որ այն չի նշվել որպես «բարեկամական»:
Ահաբեկչության և անվտանգության փորձագետ Իբրահիմ Քելեշի խոսքով՝ թռիչքի հետագծի հիման վրա ինքնաթիռը չի թռել Հայաստանի օդային տարածքով: Այն Վրաստանի օդային տարածք է մտել անմիջապես Ադրբեջանի օդային տարածքով: Սակայն այդ երկրի սահմանամերձ շրջանները հագեցած են ավտոմատ հակաօդային պաշտպանության համակարգերով, որոնք կարող էին «պատահական մահացու կրակոց» առաջացնել:


