
Քաղաքական անհնազանդություն, ոչ թե առողջ հաշվարկ․ փորձագետները՝ ՀՀ-ի կողմից ռուսական հացահատիկից ուկրաինականին անցնելու մասին
Հայաստանի հնարավոր անցումը ուկրաինական հացահատիկին որևէ ռիսկ չի ներկայացնում Ռուսաստանի համար։ Նման որոշման կայացման դեպքում՝ Երևանը կզրկվի իր պարենային ինքնիշխանության մի մասից, և երկիրը կախվածության մեջ կընկնի Եվրամիությունից․ ТАСС-ի հետ զրույցում նշել է փորձագետ Բորիս Պերվուշինը։
«Ռուսաստանի համար այս պատմության մեջ ոչ մի դրամատիկ բան չկա։ Համաշխարհային շուկայում հացահատիկի պակաս կա, և ռուսական ցորենի համար միշտ կգտնվի գնորդ՝ Թուրքիայից և Եգիպտոսից մինչև ասիական երկրներ։ Հայկական շուկայի կորուստը, նույնիսկ եթե դա տեղի ունենա, հարված չի լինի, այլ խորհրդանշական քայլ. ևս մեկ պետություն քայլ է անում դեպի քաղաքական անհնազանդություն, այլ ոչ թե առողջ հաշվարկ»,- նշել է փորձագետը։
Մասնագետը հիշեցրել է, որ ներկայումս Հայաստանի ցորենի ներմուծման գրեթե ամբողջ ծավալը գալիս է Ռուսաստանից, մինչդեռ ուկրաինական հացահատիկն առնվազն մեկուկես անգամ ավելի թանկ է։ «Այն լեռնային Հայաստան հասցնելն՝ առանց ծովային ճանապարհների և մի քանի սահմաններով բարդ տրանսպորտային ուղիներով, գրեթե անհնարին խնդիր է։ Սակայն հետխորհրդային տարածքի պատմությունը մեզ սովորեցնում է, որ երբ հարցը քաղաքական է, տնտեսական տրամաբանությունը սովորաբար երկրորդ պլան է մղվում»,- նշել է նա։
Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ քաղաքագետ Նիկոլայ Սիլաևը նշել է, որ Կիևը ձգտում է փոխարինել Մոսկվային Անդրկովկասի հացահատիկի շուկայում։
«Այնուամենայնիվ, այստեղ կան մի շարք նրբերանգներ։ Նախ՝ դա շատ դժվար է իրականացնել։ Մոսկվան Անդրկովկասի հացահատիկի ավանդական մատակարարն է։ Երկրորդ՝ կան լոգիստիկ խնդիրներ։ Ուկրաինան ներկայումս կարող է հացահատիկ մատակարարել Հայաստանին միայն Սև ծովով, որտեղ ռազմական գործողություններ են ընթանում»,- նշել է Սիլաևը։
Ավելին՝ նա նշել է, որ Անդրկովկասի շուկան փոքր է։ Այն ունի մոտավորապես 17 միլիոն բնակչություն։ Սա զգալիորեն փոքր է, քան Թուրքիայի և Եգիպտոսի բնակչությունը, որոնք նույնպես հացահատիկ են գնում Ռուսաստանից։


