
Վճռաբեկը մերժել է վարույթ ընդունել Տիգրան Ավինյանի բողոքն ընդդեմ Իշխան Սաղաթելյանի․ փաստաբան
Երևանի քաղաքապետն ընդդեմ Իշխան Սաղաթելյանի ներկայացված հայցերի հիման վրա հարուցված գործով կրկին պարտվեց, թվով երրորդ գործով անբողոքարկելի եզրափակիչ դատական ակտը ևս ուժի մեջ է մտել. Facebook-ի իր էջում գրում է փաստաբան Վահե Գրիգորյանը
«2022-ի «Դիմադրություն» շարժման բողոքի ակցիաների և շտապ հավաքների անցկացման փաստը հիմք ընդունելով` Երևանի քաղաքապետը 4 հայց է ներկայացրել ընդդեմ Իշխան Սաղաթելյանի` պահանջելով որպես կազմակերպիչ նրան տուգանել մինչև 300.000 դրամի չափով, ընդհանուր առմամբ` մինչև 1․200․000 դրամի չափով:
4 վերաբերելի գործերով էլ Իշխան Սաղաթելյանի ներկայացուցիչը ես եմ, նրա իրավունքների և ազատությունների պաշտպանությունը սույն գործերով թե´ Վարչական, թե´ Վերաքննիչ Վարչական դատարանում ես եմ իրականացրել:
Նախորդիվ Վարչական դատարանը 4 գործերով էլ մեր պահանջը բավարարարել էր, Երևանի քաղաքապետի հայցերն ընդդեմ Իշխան Սաղաթելյանի՝ մերժել:
Չհամակեպվելով` Երևանի քաղաքապետը բողոքարկել էր Վարչական դատարանի վճիռները, իսկ 2023-ի Երևանի ավագանու ընտրություններից հետո բողոքները հետ չէին կանչվել:
Վերաքննիչ դատարանում երեք գործերով պարտվելուց հետո Երևանի քաղաքապետը դիմել էր Վճռաբեկ դատարան, երկու գործով մերժվել։ Քիչ առաջ ստացա Վճռաբեկ դատարանի որոշումը, որով մերժվել է Երևանի քաղաքապետ(արան)-ի 3-րդ գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը. որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Իմիջիայլոց, Երևանի քաղաքապետարանը առհասարակ իրավունք չուներ Վճռաբեկ բողոք բերելու. այս գործով բողոքաբեր կարող էր հանդիսանալ բացառապես Երևանի քաղաքապետը:
Վերջին գործը դեռևս գտնվում է Վարչական դատարանի վարույթում»,- նշում է փաստաբանը։


