Երևանի ավագանու ընտրությունը տեղի կունենա սեպտեմբերի 17-ին
Երևանի ավագանու հերթական ընտրությունը տեղի կունենա սեպտեմբերի
17-ին։ Կառավարությունն այսօրվա նիստի ընթացքում հաստատեց համապատասխան որոշումը։
Երևանի ավագանու վերջին ընտրությունը տեղի է ունեցել 2018 թվականի
սեպտեմբերի 23-ին:
Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ ընտրությանը մասնակցելու
մասին հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որն առաջադրելու
է Տիգրան Ավինյանի թեկնածությունը։
Ընտրություններին մասնակցելու ցանկություն են հայտնել նաև գործարար
Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության
ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանը, «Ապրելու երկիր» կուսակցությունից Մանե Թանդիլյանը,
«Հայաստանի եվրոպական կուսակցությունից» Կարեն Սարգսյանը, Կենտրոն վարչական շրջանի
նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը, «Ազգային առաջընթաց» կուսակցության կողմից Հայկ
Գրիգորյանը, «Միացյալ Հայաստան» կուսակցությունից Երվանդ Թարվերդյանը: