05 Փտր
2026
-4° c ԵՐԵՎԱՆ
0° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ դեմոկրատները հրապարակել են Էփշտեյնի նամակները, որոնցում, ի թիվս այլնի, հիշատակվում է «Թրամփի ու աղջիկների» կապը

ԱՄՆ դեմոկրատները հրապարակել են Էփշտեյնի նամակները, որոնցում, ի թիվս այլնի, հիշատակվում է «Թրամփի ու աղջիկների» կապը

ԱՄՆ դեմոկրատ կոնգրեսականները հրապարակել են սեռական շահագործման նպատակով մարդկանց թրաֆիքինգի համար մեղադրված ու ազատազրկված ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի նոր էլեկտրոնային նամակները։ Դրանցում, ի թիվս այլնի, նշվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն «իմացել է աղջիկների մասին»։ Նշվում է անգամ, որ նրանցից մեկը «մի քանի ժամ անցկացրել է նրա հետ»։

Հրապարակվել են այլ նամակներ ևս, որոնցում նշվում է, որ ֆինանսիստը ցանկացել է Թրամփի մասին տեղեկատվությամբ կիսվել ռուս պաշտոնյաների հետ․ գրում է Politico-ն։

Լրատվամիջոցը մեջբերում է Էփշտեյնի 2018 թվականին՝ Հելսինկիում նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպումից մեկ ամիս առաջ գրված նամակը, որը ֆինանսիստն ուղարկել է Նորվեգիայի նախկին վարչապետ Թորբյորն Յագլանդին, որն այդ ժամանակ գլխավորում էր Եվրոպայի խորհուրդը։

Նամակում նա առաջարկում է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նախ խոսի իր հետ՝ Թրամփի մասին պատկերացում կազմելու համար։

«Կարծում եմ՝ Դուք կարող եք Պուտինին առաջարկել, որ Լավրովը Թրամփի մասին պատկերացում կազմի ինձ հետ խոսելով», – գրել է Էփշտեյնը։

Ի պատասխան՝ Յագլանդը գրել է, որ հաջորդ օրը կհանդիպի Լավրովի օգնականի հետ և կառաջարկի նրան կապ հաստատել Էփշտեյնի հետ։ Հայտնի չէ՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության որևէ ներկայացուցիչ կապ հաստատել է Էփշտեյնի հետ, թե ոչ։

Էփշտեյնի նամակագրության մեջ քննարկվել են նաև Հելսինկիում Պուտին-Թրամփ հանդիպման արդյունքները, որն ԱՄՆ նախագահի համար ձախողում էր որակվել։

«Ռուսները Թրամփի հետ կապված ինչ-որ բան ունե՞ն։ Այսօր սարսափելի օր էր նույնիսկ նրա չափանիշներով»,- Էփշտեյնին ուղղված նամակում գրել է Բիլ Քլինթոնի օրոք ֆինանսների նախարար և Բարաք Օբամայի օրոք տնտեսական խորհրդական Լարի Սամերսը։

Էփշտեյնը պատասխանել է՝ գրելով, որ իր էլեկտրոնային փոստարկղը «լի է» նմանատիպ մեկնաբանություններով։ Նա Թրամփի վարքագիծը Պուտինի հետ հանդիպման ժամանակ անվանել է «կանխատեսելի»։

«Վստահ եմ` նա կարծում է, որ ամեն ինչ շատ լավ է անցել։ Նա կարծում է, որ հմայել է իր մրցակցին…Նա անտեղյակ է շատ բաներից»,- գրել է Էփշտեյնը։

Ջեֆրի Էփշտեյնը մեղադրվում էր սեռական շահագործման նպատակով մարդկանց առևտրի համար։ Նա ձերբակալվել է 2019 թվականի հուլիսի 7-ին։ Մեկ ամիս անց նրան մահացած են գտել Նյու Յորքի բանտում։ Մահվան պատճառն ինքնասպանությունն էր։

Ռազմագերիներ