
ՀՀ-ում, համացանցի ազատության առումով, ամենաշատը խախտվում են օգտատիրոջ իրավունքները, երկիրը զիջել է իր դիրքերը․ Freedom House
Առցանց տեղեկատվության նկատմամբ վերահսկողությունը դարձել է էական գործիք ավտորիտար առաջնորդների համար, ովքեր ձգտում են «ամրապնդել իրենց ռեժիմները»։ Առցանց տարածքներն ավելի շատ են մանիպուլացվում, քան երբևէ, քանի որ իշխանությունները ձգտում են խթանել նախընտրելի խոսույթը և «աղավաղել հանրային դիսկուրսը». այս մասին են վկայում Freedom House միջազգային կազմակերպության՝ «Ազատությունը համացանցում 2025-ին» զեկույցի տվյալները։
Ինչպես նշվել է, գնահատված 72 երկրներից 27-ում պայմանները վատթարացել են, մինչդեռ 17 երկրներում գրանցվել է ընդհանուր աճ։ Երկրներն, ըստ իրենց միավորների, դասակարգվել են որպես «ազատ» «մասամբ ազատ», «ոչ ազատ»։ Freedom House-ի ինտերնետի ազատության վերջին գնահատականն ընդգծում է Կովկասի և Կենտրոնական Ասիայի պետությունների շրջանում շրջադարձային միտում:
«Ազատ» կամ «մասամբ ազատ» համարվող տարածաշրջանային պետությունների շարքում կառավարության վերահսկողությունը տեղեկատվության թվային հոսքի նկատմամբ աճում է, մինչդեռ որոշ «ոչ ազատ» համարվող պետություններում իշխանությունների ազդեցությունը թուլանում է: 2025-ի համար համացանցի ազատության միավորը ՀՀ-ում առավելագույն 100-ից 72 է, մինչդեռ նախորդ տարի երկիրն ուներ 74 միավոր։
Վերջնական միավորը կազմվում է երեք բաղադրիչների համադրությամբ՝
1. մուտքի խոչընդոտներ,
2. բովանդակության սահմանափակումներ,
3. օգտատիրոջ իրավունքների խախտումներ։
ՀՀ-ում «մուտքի խոչընդոտների» միավորը 20 է հնարավոր 25-ից, «բովանդակության սահմանափակումներինը»՝ 35-ից 28, իսկ «օգտատիրոջ իրավունքների խախտումների» առավելագույն 40-ից՝ 24։ Այսինքն՝ ՀՀ-ում ամենաշատը խախտվում են օգտատիրոջ իրավունքները։ Երկիրը, համացանցի ազատության առումով, համարվում է «ազատ»։ Երկրի ինտերնետային միջավայրը մնացել է կենսունակ, սակայն Freedom House-ը նշել է, որ «իշխանությունները մարդկանց ձերբակալել են կառավարությանն ուղղված առցանց քննադատության համար, և երկրի անհատները ենթարկվել են հսկողության՝ օգտագործելով առևտրային լրտեսող ծրագրեր»: Եվրասիայում Հայաստանը նշվել է որպես ամենաազատ թվային տարածք ունեցող երկիր, որին հաջորդում է Վրաստանը՝ 70 միավորով։ Այն ևս դասվում է «ազատ» համացանց ունեցող երկրների թվին։ «Վրաստանը ամենամեծ անկումն է ապրել ազատ խմբում, քանի որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ձեռնարկել է քաղաքացիական հասարակությանը ուղղված ռեպրեսիվ միջոցներ», – նշվել է զեկույցում։ Ադրբեջանը 34 միավորով «ոչ ազատ» է։ Հարևան պետություններից Թուրքինա և Իրանը՝ համապատասխանաբար 31 և 13 միավորներով, ևս «ոչ ազատ» են։


