
Վենեսուելայի նախագահը ամերիկացիներին կոչ է արել միավորվել Վենեսուելայի հետ՝ հանուն երկու Ամերիկաների խաղաղության
ԱՄՆ-ի ժողովուրդը պետք է միավորվի Վենեսուելայի հետ՝ Ամերիկաների խաղաղության համար․ Կարակասում կայացած հանրահավաքի ժամանակ CNN-ի լրագրողին ասել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն։
Մադուրոյի այս հայտարարությունը հնչել է ԱՄՆ-ի հետ լարվածության աճի ֆոնին։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը ռազմանավեր է տեղակայել Կարիբյան ավազանում՝ թիրախավորելու Վենեսուելայից թմրանյութերի ապօրինի շրջանառություն իրականացնող նավերը։ Չնայած Վաշինգտոնը պնդում է, որ ռազմական ներկայության ավելացումը նպատակ ունի խափանել թմրանյութերի հոսքը դեպի Միացյալ Նահանգներ, Կարակասը կարծում է, որ ԱՄՆ-ն իրականում փորձում է ռեժիմի փոփոխություն կատարել։
Ամերիկյան ռազմանավերի տեղակայմանն ի պատասխան՝ Վենեսուելայում զինվորական անձնակազմի, զենքի և սարքավորումների «զանգվածային մոբիլիզացիա» է հայտարարվել։
Մադուրոն կոչ է արել ԱՄՆ-ին չմտնել մեկ այլ երկարատև հակամարտության մեջ՝ իսպաներենով դիմելով ամերիկացի ժողովրդին. «Միավորվե՛ք (Ամերիկաների) խաղաղության համար։ Վե՛րջ անվերջ պատերազմներին, վե՛րջ անարդար պատերազմներին․ չի լինի մեկ այլ Լիբիա, չի լինի մեկ այլ Աֆղանստան»։
Հարցին, թե արդյոք նա ուղերձ ունի՝ ուղղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, Մադուրոն պատասխանել է անգլերենով. «Այո, խաղաղություն, խաղաղություն»:
Նշենք, որ Մադուրոն մասնակցում էր Վենեսուելայի երիտասարդության համար կազմակերպված զանգվածային հանրահավաքին։ Ավելի ուշ հանրահավաքի մասնակիցներին նա կոչ է արել դիմադրել «ԱՄՆ-ի կողմից ներխուժման սպառնալիքին»։


