
ԼՂ հակամարտության հաջող կարգավորումը նոր դարաշրջան է բացել ամբողջ տարածաշրջանի համար․Ադրբեջանում Իրանի դեսպան
Ղարաբաղյան հակամարտության հաջող կարգավորումը նոր դարաշրջան է բացել ամբողջ տարածաշրջանի համար՝ հանգեցնելով խաղաղության, կայունության և տնտեսական առաջընթացի․ ադրբեջանական ԶԼՄ-ների հետ զրույցում նշել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մուջթաբա Դեմիրչիլուն։
Նրա խոսքով ՝ տարածաշրջանային նոր իրավիճակը բարենպաստ պայմաններ է ստեղծել տնտեսական համագործակցության համապարփակ ընդլայնման համար տարանցման, էներգետիկ անվտանգության, առևտրի, ներդրումների և մարդասիրական ոլորտներում, ինչպես նաև տարածաշրջանում կայուն համերաշխության ամրապնդման համար։
Դեսպանը նշել է, որ «Արազի միջանցք» անվանումով ռազմավարական նախագիծն ավելի է ընդլայնում Իրանի կողմից վերջին երեսուն տարվա ընթացքում ստեղծված հնարավորությունները՝ Նախիջևանն Ադրբեջանի մյուս շրջանների հետ կապելու համար։ Աղբենդ-Կալալա ճանապարհային կամրջի շինարարությունը մոտենում է ավարտին և նախատեսվում է շահագործման հանձնել այս տարվա վերջին։ Դրա շահագործման հանձնումը հիմք է հանդիսանում երկու երկրների միջև նոր սահմանային անցակետի ստեղծման համար, ինչը զգալիորեն կբարձրացնի տրանսպորտային և առևտրային համագործակցության ներուժը։
Դեմիրչիլուն հավելել է, որ այս միջանցքը ոչ միայն կապում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն Ադրբեջանի այլ շրջանների հետ, այլև ներկայացնում է Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային երթուղու կարևոր ռազմավարական հատված։ Որպես այդպիսին՝ այն կարևոր և հիմնարար դեր կխաղա առևտրային և տրանսպորտային կապերի զարգացման և կայունության գործում՝ ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային մակարդակներում։


