
Գերիների վերադարձի հարցով ամենօրյա աշխատանք է իրականացվում․ Արթուր Հովհաննիսյան
Հայաստանի իշխանությունները խորապես մտահոգված են ընթացող գործընթացներով․ մեկնաբանելով Բաքվի դատարանում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս անձանց դատավարությունն ու դատախազի պահանջած ազատազրկման ժամկետները. ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
Նա նշել է, որ Հայաստանի կառավարությունը հետևողական է գերիների վերադարձի հարցում և դա համարում է առաջնահերթություն։
«Մենք հայտարարել ենք, որ խիստ մտահոգություններ ունենք Բաքվում տեղի ունեցող դատավարության վերաբերյալ, սա մեզ համար առաջնային խնդիր է»,- նշել է նա։
Պատգամավորի խոսքով ՝ գործող իշխանությունն ամեն օր աշխատում է Ադրբեջանի կողմից պահվող հայերին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ՝ հույս ունենալով, որ խաղաղության գործընթացների զարգացումը կարող է դրական ազդեցություն ունենալ։ «Ստեղծված խաղաղության մթնոլորտը պետք է նպաստավոր պայմաններ ստեղծի, որ կարողանանք լուծել մեր հայրենակիցների տուն վերադարձի հարցը․․․ մենք հույս ունենք, որ առաջիկա գործընթացները կհեշտացնեն իրավիճակը»,- հայտարարել է Հովհաննիսյանը։
Նա միաժամանակ ընդգծել է, որ Հայաստանը մտահոգություններ ունի նաև Ադրբեջանի կողմից հնչող մի շարք հայտարարությունների վերաբերյալ։ Դրանք, ըստ պատգամավորի, խաղաղության հետ կապ չունեն։
Հովհաննիսյանի խոսքով՝ խաղաղության հնարավոր պայմանագիրը կարող է դառնալ այն հարթակը, որը վերջապես թույլ կտա վերադարձնել գերիներին։


